Այսօր՝ փետրվարի 19-ին, շարունակվում են որոնողական աշխատանքները Սևանա լճում։
Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 10.00-ից սկսած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարները 4 մոտորանավակով, 2 ջրասուզակների, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ շարունակում են որոնողական աշխատանքները ջրախեղդ եղած տղամարդու դին հայտնաբերելու համար։
Ինչպես երեկ՝ փետրվարի 18-ին, հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 17-ին Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը ժամը 12.00-ի սահմաններում կնոջը հայտնել էր, որ մեկնում էր ձուկ բռնելու։
Ձուկ բռնելու նպատակով Ա. Մանուկյանը գնացել էր Կարճաղբյուր գյուղի տարածքում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Սևանա լիճ, որտեղ ցանկացել էր ձուկ բռնել։ Լիճը եղել է սառած, սակայն սառույցը կոտրվել էր, և Ա. Մանուկյանը ջրախեղդ էր եղել։
Ժամանել էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գարիկ Երանոսյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննիչ Գարիկ Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Այս պահին դեպքի վայրի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության մեջ քննիչ Գ. Երանոսյանը բացատրություններ է վերցնում դեպքին ականատես վկաներից։ Եղանակը բավականին ցուրտ է, ուժեղ քամի է, ինչի հետևանքով ոստիկանների և փրկարարների գլխարկներն ընկնում են նրանց գլուխներից։