Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Երևանի Գուրգեն Մահարի 10 փողոցի և 6-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել 40-ամյա Հակոբ Գալստյանի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի 30 ԼՏ 869 համարանիշի և 58-ամյա Աշոտ Մանուչարյանի (պարզաբանենք, որ խոսքը քաղաքական հայտնի գործիչ Աշոտ Մանուչարյանի մասին չէ.-խմբ) վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 09 ԼՍ 230 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ա. Մանուչարյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ճՈ տուգանային հրապարակ։