Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.20-ի սահմաններում Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Սասուն Գրիգորյանը, վարելով «ԲՄՎ 520» մակնիշի 06 ՍԼ 864 համարանիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ուղևոր, 21-ամյա Լևոն Աղամիրյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի քննիչ Արտակ Թարվերդյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի տուգանային հրապարակ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդ Ս. Գրիգորյանը ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր, վերջերս ԲՀԿ–ական դարձած, «Շերիֆ» մականվամբ Գրիգոր Գրիգորյանի եղբորորդին է։ Իսկ Վեդիում Գ. Շամշյանին պատմել են՝ «սա էլ որերորդ դեպքն է, որ «Շերիֆի» ազգականը ավտովթարների և քրեական պատմությունների մասնակից է լինում, սակայն գեներալ հոպարի միջամտությամբ ջրից չոր է դուրս գալիս»։