«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը դեռեւս 2010-ին կանխատեսումներ էր արել, որ 2012-ի խորհրդարանում ներգրավելու են երիտասարդ կադրերի: Իսկապես մենք տեսանք, որ հիմա դա օրակարգային հարց է եւ բուռն քննարկվում է:
Նրա մյուս կանխատեսումն այն էր, որ օլիգարխներն են սկսելու ապստամբություն:
Aravot.am-ը պարոն Մանուչարյանից հետաքրքրվեց, թե ո՞ր օլիգարխների մասին է խոսքը: Ըստ նրա, Հայաստանում իրականացվում է անգլոամերիկյան նախագիծ, որը կոչվում է տրանսֆորմացիա, եւ մենք անցնելու ենք Վրաստանի ճանապարհի պես մի ճանապարհ. «Վրացական այդ մոդելի դեպքում օլիգարխները պիտի վերանան: Ես զգուշացրեցի օլիգարխիային դրա մասին, ասացի, որ իրենց միակ փրկությունը, որ ուղղակի չդառնան մատաղացու այդ ոլորտում, դա նա է, որ նրանք փորձեն աջակցել այն ուժերին, ովքեր հայաստանյան մեր սեփական տրանսֆորմացիան կիրականացնեն: Դա այն տարբերակն էր, որ ոչ թե մի քիչ լավացնենք, գնանք դառնանք Վրաստան, այլ կտրուկ լավացնենք, որպեսզի ապագա ունենանք»:
Պարոն Մանուչարյանին զարմացնում է այն, որ օլիգարխիան բուռն չի արձագանքում դրան. «Նրանք չհայտնվեցին այդ անհանգստության եւ փնտրտուքի մեջ: Միշտ մտածում են, թե Աստված մի բան կանի, այդքան փող, բան ենք աշխատել, հո Աստված այդքան անուշադիր չի՞ լինի, որ հիմա մեզ անտեր թողնի, բայց՝ անտեր է թողնելու: Հայերի մեջ այդ բանը կա եւ օլիգարխիան էլ բացառություն չի՝ մտածում են՝ դե, ճակատագիրն է, մեզ ջարդելով, սպանելով էլ լինի՝ տանելու է ինչ-որ մի տեղ հանգրվանենք: Անհեռատեսները այդ ճանապարհով կգնան, հեռատեսները կփորձեն գտնել այդ համակարգերը: Եթե սկսեց հայկական տրանսֆորմացիան, այն միակ ընդունելի զարգացումներից կլինի Հայաստանի համար»:
Կարդացեք նաև
Քանի որ պարոն Մանուչարյանի կանխատեսումները որպես կանոն իրականանում են, մենք խնդրեցինք ասել՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հավանակա՞ն է, ինչին նա պատասխանեց. « Հայաստանում կան բաներ, որ իրադարձություն է, բայց ցանկացած անձ, որը չի բերում որակի կտրուկ փոփոխության, բացարձակ անհետաքրքիր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ