Զավեշտալի դեպք է տեղի ունեցել ԲՀԿ-ականների հետ՝ Գյումրիի Անի թաղամասում:
Թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ թեժ ընտրապայքար է սպասվում: Ուստի, ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին Գյումրիի Անի թաղամասում ԲՀԿ-ականներն արդեն տնետուն ընկած՝ իրենց համար ճշտումներ են անում՝ ԲՀԿ-ի՞ թեկնածուի օգտին են մարդիկ ձայն տալու, թե՞ ՀՀԿ-ի:
Նախօրեին Արամ Խաչատրյան 31 շենքում ցուցակներով հերթական շրջայցի ժամանակ ԲՀԿ-ականները բնակարաններից մեկից տագնապահար փախել են: Բանն այն է, որ ժպտերես դեմքով երբ մտել են տուն ու հարցրել՝ ԲՀԿ-ին եք, չէ՞, ձայն տալու՝ տան «անդամներից» մեկը՝ Ռոմա անունով թութակը, հարձակվել է ԲՀԿ-ականների վրա ու ասել. «Ի՞նչ կըսես, ի՞նչ կըսես»:
ԲՀԿ-ականների նախընտրական ճշտումները չհանդուրժելով՝ թութակն այնքան է այդ հարցադրմամբ թռել նրանց գլխավերեւում, որ վերջիններս ուղղակի լեղապատառ փախել են՝ ասելով՝ «էս ի՞նչ տուն ընկանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ