Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներին սովորեցնելու են փողկապ կապելուց բացի պայքարել

Փետրվար 18,2012 20:04

Այսօր «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում ՀՅԴ երիտասարդականի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԵՄ կրթական ակումբի բացումը: Առաջին հյուր բանախոսը արեւելագետ Գեղամ Մանուկյանն էր: Նա նշեց, որ ակումբում ուսուցողական դասեր են անելու եւ առաջին հերթին երիտասարդությանը սովորեցնելու են անարդարության եւ անօրինականութան դեմ պայքար. «Լինի փողի, կապիտալի, դասախոսների, դրա դեմ պետք է ըմբոստանալ եւ առաջին հերթին այդ օրինակը պետք է ծառայեն երիտասարդները: Այսօր շատ երիտասարդների ուշքն ու միտքն ավելի շատ փողկապ կապելն է, ակնկալիքը կրթաթոշակ ստանալու եւ այս կամ այն կուսակցության մեջ խցկվելով՝ կարիերա անելու: Դրա համար քաղաքականացված երիտասարդության պակասը մեր երկրում շատ ավելի է զգացվում: Նման ակումբը հնարավորություն է տալիս տարբեր կուսակցությունների ներկայացուցչիչներին մեկտեղվելու»:

Aravot.am-ի հարցին՝ առաջիկա խորհրդարանում սերնդափոխություն ապահովելու համար ՀՅԴ-ն ունի՞ արժանի հետնորդներ՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Այսօրվա խմբակցության մեջ էլ կան երիտասարդներ: Արա Նռանյանը տիպական օրինակն է»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Ազատուհի Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ակումբը կարո՞ղ է ծառայել քարոզչության համար, եւ ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ ծնվեց այդ ակումբը բացելու միտքը: Նա պատասխանեց. «Քարոզչական հարթակ չի դառնա, բնավ կապ չունի նախընտրական քարոզարշավի հետ, զուտ երիտասարդական նախաձեռնություն է, ուզում ենք այս քայլով ցույց տալ, որ մենք չենք գնում պառակտման, գոնե երիտասարդությունը համախմբված է, անկախ նախընտրական աժիոտաժից: Ակումբի հիմնական նպատակն այն է, որ մեկ հարթակ ստեղծենք, որպեսզի հայ երիտասարդությունը, անկախ իր քաղաքական հայացքներից կարողանա համախմբվել՝ զուտ կրթվելու, քննարկելու, բանավիճելու համար»:

Ակումբի բացմանը եկել էր նաեւ ԲՀԿ կրթական-քաղաքական ծրագրերի կենտրոնի ղեկավար Գեւորգ Մանուկյանը: Նա պատմեց, թե ինչպես է ԲՀԿ երիտասարդական իրենց կենտրոնը տեսնելով՝ ապշել նույնիսկ ԵԺԿ-ի փաստահավաք խումբը, երբ այցելել է Հայաստան . «Նրանք արձանագրեցին, որ դա աննախադեպ դեպք է, երբ քաղաքական կուսակցությունը կրթական կենտրոն ունի, որտեղ պատրաստում են լավ կադրեր՝ սերնդափոխության համար: Ուզում եմ, որ այս ակումբը իսկապես լինի գաղափարական կառույց, գաղափարական բանավեճի ակումբ եւ ոչ թե մեկը մյուսին հաշվին իր հեղինակությունը բարձրացնելու հարթակ ծառայի: Եթե քաղաքական ոլորտում մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում, դա գիտելիքի պակասից է, մենք ուզում ենք, որ երիտասարդներով տարբերվենք»:

ԲՀԿ երիտասարդների միության փոխնախագահ Նարեկ Վանեցյանն էլ նշեց, որ ինքը չի պատրաստվում այդ ակումբի անդամ դառնալ, քանի որ արդեն մի շարք տեղերում ներգրավված է. «Մի հատ ավել, մի հատ պակասը խնդիր չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829