Փետրվարի 11-ին Բուենոս Այրեսում ֆիլիպինցի Ջոել Կասիմերոյի հետ մարտի ժամանակ ռեֆերի Էդդի Կլաուդիոյի կյանքին սպառնալու համար արգենտինացի բռնցքամարտիկ Լուիս Ալբերտո Լասարտեն որակազրկվել է եւ հեռացվել կազմակերպությունից:
Վեցերորդ ռաունդում կանոնները խախտելու համար ռեֆերին Լասարտեից մեկ միավոր էր հանել, ինչին ի պատասխան արգենտինացին սպառնացել էր. «Վստա՞հ ես, որ ռինգից կենդանի դուրս կգաս», – գրում է «Fightnews.ru»-ն:
Ի վերջո, 10- րդ ռաունդում, երբ արգենտինացին արդեն ի վիճակի չի եղել պատասխանել Կասիմերոյի հարվածների տարափին, ռեֆերին դադարեցրել է մարտը՝ տեխնիկական նոկաուտ գրանցելով ֆիլիպինցու օգտին:
Մենամարտի ավարտից անմիջապես հետո հանդիսատեսն սկսել է շշեր, աթոռներ նետել հաղթողի, նրա թիմի եւ մրցավարի ուղղությամբ, իսկ հետո ներխուժել ռինգ՝ ծեծկռտուք սարքելով: Արդյունքում ռեֆերին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
IBF-ի որոշմամբ Լասարտեն որակազրկվել է եւ այլուս իրավունք չունի հանդես գալ իր հովանու ներքո անցկացվող մենամարտերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ