Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարոտ մնացի մի սրտակից զրույցի…»

Փետրվար 18,2012 18:16

 Վաղ մանկական տարիքից` կախված սեռից` երեխաներին, շրջապատողները տարբեր պահանջներ են ներկայացնում և տարիքին զուգահեռ  նպաստում վարքի, բնավորության ձևավորմանը: Եթե աղջկա լալկանությունը, վախը, հուզականությունը քննադատության չեն արժանանում, ապա տղաների մոտ հուզականության ցանկացած արտահայտություն ծնողները և շրջապատը դիմավորում են հետևյալ արտահայտություններով` «Չե՞ս ամաչում, չէ՞ որ դու տղա ես», կամ «Ի՞նչ ես աղջկա պես լաց լինում»: Հետաքրքիր է, որ այն դեպքերում, երբ դեռ մի քանի ամսեկան տղան լալիս է, իսկ աղջնակը` ոչ, նրան մատնանշում են ու ասում` «Նայիր, աղջիկ է, բայց լաց չի լինում», դրանով իսկ ձևավորելով համոզմունք, որ աղջիկներն ինչ-որ տարօրինակ լալկան էակներ են:

Ահա մի դեպք, որտեղ պարզ երևում է տղամարդու և կնոջ հույզերի դրսևորման տարբերությունը:

Թերեզա Սողոմոնյանը պատմում է. «Հետո էլ կասեն, թե մարդու ամենամտերիմը ամուսինն է: Չգիտեմ, գուցե ուրիշների մոտ այդպես է, բայց մենք, թեև բավական լավ հարաբերություններ ունենք, սակայն կարծես` երկու տարբեր լեզուներով խոսենք: Քանի տարի է` միասին ենք, բայց այդպես էլ կարոտ մնացի մի սրտակից զրույցի: Վերջերս այսպիսի մի դեպք պատահեց. Ընտանիքով նստած ճաշում էինք, կատակում, ամեն ինչ այնքան լավ էր: Ես էլ սկսեցի պատմել վերջերս եղած-չեղածի մասին: Աշխատանքիս տեղն էլ որքան ժամանակ է լարված վիճակ է. կրճատումներ են նախատեսվում: Հանկարծ ամուսինս պոռթկաց. «Քե՞զ պետք է այդ աշխատանքը: Ես ի±նչ անեմ: Ի՞նչ ես ուզում ինձանից, չեմ հասկանում…»: Ապշեցի, ես նրանից ամենևին էլ խորհուրդ չէի ակնկալում, պարզապես զրուցում էի: Նեղվեցի: Հաջորդ օրը հանդիպեցի ընկերուհուս: Զրուցեցինք: Զգում էի, որ հասկանում է ինձ, կարեկցում, թե’ իր խոսքերով, թե’ իր դեմքի արտահայտությամբ: Ինձ միայն պետք էր, որ մեկը կարեկցեր»:

«Այսպիսի դեպքերում տղամարդիկ, պայմանավորված գուցե նրանց մտածելակերպի առանձնահատկություններով, նման զրույցներն ընկալում են` որպես օգնության կոչ, խնդրանք», – ասում է հոգեվերլուծաբան Էրիկ Վարդանյանը: Ըստ նրա` տղամարդու կողմից նման «չոր»  ու գործնական վերաբերմունքը հաճախ ընկալվում է որպես սառը անտարբերություն, անգամ, եթե ներքուստ տղամարդը կարեկցում է (ինչն անշուշտ անժխտելի փաստ է, սակայն, մի՛ մոռացեք, որ տղամարդը խնդիր ունի թաքցնելու, շրջապատողների համար անտեսանելի դարձնելու իր հուզական ապրումները, քանի որ համոզված է, որ դա չի համապատասխանում տղամարդու ավանդական դերին):

Շրջապատում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի կանանց, ովքեր բողոքում են, թե տղամարդը` ամուսինը, չի հասկանում իրեն` անզգա է: Ըստ Հոգեբան Նարինե Աբրահամյանի` տղամարդիկ կանանցից ոչ պակաս կարողանում են դիմացինի զգացմունքները նկատել ու հասկանալ: «60-ամյա Լիդայի փեսան նախկինում հասարակական լավ դիրք, հարգված աշխատանք, կայուն եկամուտ ուներ: Սակայն Լիդան սկզբից էլ դեմ էր այդ ամուսնությանը: Հինգ տարի առաջ դուստրը ամուսնացավ և ունեցավ երկվորյակներ: Տիկին Լիդան ասում է. «Իմ անհանգստություններն ու մտահոգություններն արդարցվեցին: Ես միշտ էլ իմացել եմ, որ նման աշխատանքային հաջողությունները կասկածելի ու անցողիկ են: Հիմա իմ ամուսինն ու որդին են նրանց կերակրում: Նա էլ ձեռքերը ծածել, չգիտես` ինչի՞ն է սպասում»,- ասում է զոքանչը: Նա, պարզվում է, առիթը բաց չի թողնում ակնարկելու. «Դու ի±նչ տղամարդ ես, որ  քո զավակներին չես կարող պահել»:  «Դաստիարակչական նպատակներով օգտագործվող»  նախադասութույններ է օգտագործում զոքանչը` փեսայի հետ խոսելիս», – պատմում է հոգեբանը, ում դիմել էր Լիդան: Մասնագետն էլ բացատրել էր, որ գուցե փեսայի աճող ագրեսիայի պատճառը կայանում է նրա կարողությունների վերաբերյալ թերահավատության արտահայտման ու տղամարդկությունը կասկածի ենթարկելու մեջ: «Մի քանի հանդիպումների ընթացքում հաջողվեց փոխել կնոջ մոտեցումը և դադարեցնել անընդհատ հնչող ստորացնող արտահայտությունները»,-ասում է հոգեբան Նարինեն և ավելացնում, – մեր այցելուն ընդունեց, որ իսկապես, երբ նա չէր փորձում «դաստիարակելլ» իր փեսային ու չէր անպատվում նրան, վերջինս բավականին հանգիստ էր, ավելի ակտիվ էր աշխատանքի որոնման հարցերում»:

 

Ալվարդ Սիմոնյան   

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829