Aravot.am-ի հարցին, թե ինչ է նկատի ունեցել բնապահպաններին ասելով «իմ հետ օրենքից չխոսեք» ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ ինքը նման բան բնապահպաններին չի ասել. «Բնապահպաններն են նման բան տարածել, ես չեմ ասել: Իրենք պնդում են, որ անօրինականություն է, բայց անօրինականության համար պետք է դիմեն դատարան»:
Լրագրողներից մեկն էլ քաղաքապետին հարցրեց, թե երբ կայցելի Մաշտոցի պողոտային հարակից այգում արդեն մի քանի օր նստացույցի դուրս եկած բնապահպաններին : «Ես բոլոր բնապահպաններին ընդունել եմ, լսել, քննարկել ենք , բայց եթե նրանք չեն ընդունում այս պայմանները, չեն ընդունում, որ այնտեղ կանաչ գոտի չէ, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ դեմ եմ կանաչ գոտու վերացման, ծառերը հատելուն, իսկ ինչ մնում է այգուն, ոչ մի ծառ չի հատվելու ու սալիկների վրա են դրվելու կրպակները»:
Դիտարկմանը. քանի որ այգին գտնվում է ծննդատան կողքին, մի՞թե ծննդաբերող կանանց ու նորածիններին անդորր եւ կանաչ տարածքներ չեն հարկավոր, Երեւանի քաղաքապետը պատասխանեց. «Սպասարկման տարածքներում ծառայություններն այնպես կսպասարկվեն, որ աղմուկ չլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ