Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ն կսատարի ոչ թե ՀՀԿ-ին, այլ Սերժ Սարգսյանին

Փետրվար 18,2012 16:48

Այսօր ԵԿՄ 9-րդ համագումարում այս կազմակերպության ղեկավար վերընտրվեց գեներալ Մանվել Գրիգորյանը: Համագումարից հետո նա լրագրողներին պարզաբանեց ավելի վաղ արած հայտարարությունը, թե ԵԿՄ-ն սատարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Իշխող հանրապետականներին սատարելու մասին չհնչեց, բայց դուք մոռանում եք, որ ՀՀ նախագահը մեր պաշտպանության նախարարն էր, իսկական պատերազմում իր հրամաններն ենք կատարել, նա չի լքել մեզ ռազմաճակատում, մենք էլ չենք դավաճանել իրեն ու անխտիր կատարել ենք իր հրամանները: Հիմա կարող է հանրապետական չլիներ , անկախ դրանից ինչ կուսակցություն ուզում էր լիներ, բայց որ մենք նրան ենք սատարելու, դա անկասկած է»,- ասաց պարոն Գրիգորյանը` շեշտելով, թե բոլոր նրանք, որոնք Երկարապահների միությունը համարում են հակաիշխանական կառույց, սխալվում են. «Հիշեք, որ այն ստեղծվել է Ազգային Ժողովի որոշմամբ, որը անմիջական պետականորեն միշտ գործել է իր հիմնադրման օրից: Երկրապահը հակաիշխանական չի կարող լինել: Եթե չկա պետականություն, ինչի մասին եք խոսում»:

Հարցին, թե համագումարին ինչու էին միայն ՀՀԿ ներկայացուցիչները հրավիրված, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ՄՀԿ չգիտի. «Եթե քո համար ՀՀԿն ավելի բարձր է , քան թե հանրապետության նախագահը՝ Վազգեն Սարգսյանն էլ է ՀՀԿ նախագահ եղել: Երկրապահների միության բոլոր լիդերներն էլ հանրապետական են եղել: Սերժ Սարգսյանը եկել էր որպես մասնակից, ոչ թե հանրապետական կուսակցությունից»:

Հարցին, իսկ ինչու համագումարին չէին մասնակցում միության անդամներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ 35.000 անդամներից ներկա էին 2041-ը. «Մարզերից էլ են եկել, ավելի հեռու տարածքներից էլ, ընտրվել են պատվիրակներ, եկել են»:

Պարոն Գրիգորյանը վստահեցրեց, որ ԵԿՄ-ն արտահերթ հերթական համագումար հրավիրելու անհրաժեշտություն չի ունենա` հայտարարելու, թե ում են սատարելու ընտրություններում. «Արտահերթ համագումարի անհրաժեշտություն չի լինի: Ընտրությունները համարում եմ լուրջ ձեռքբերումներից մեկը: Արտահերթ բաներ պետք չի լինեն, մարդիկ ուրախ, սրտանց պետք է գնան ու մասնակցեն, որ հետո ուրիշներին չմեղադրեն»:

Հայաստանում առաջնահերթ խնդիրներից էլ գեներալն առանձնացրեց սոցիալական վիճակը. «Առանց խնդիրների ոչ մի առաջընթաց չի լինի, խնդիրներից են մեր ժողովրդի բարեկեցությունը, միասնությունը շատ թույլ է, իրար շատ ենք քննադատում, ոնց որ հարեւանը նայի հարեւանին, մենք հարեւան չենք, ընտանիք ենք, խելացի առաջարկություններ պետք է անենք, շատ թերություններ կան, եթե հազարը վատ է հազարն էլ լավ է, վատն էլ կա, լավն էլ` կա: Տեսնելով վատը պետք է գնանք լավի հետեւից»:

Ինչ վերաբերում է ԵԿՄ դիրքորոշմանը Արցախի հարցում, պարոն Գրիգորյանը հիշեցրեց, որ այն չի փոխվել` ոչ մի թիզ հող ադրբեջանցուն. «Շատ մեծ խնդիրներ ունենք, շատ անելիքներ ունենք, կարեւորը ունենալը չէ, դրանք պահելն է: Պատերազմը չի վերջացել, եթե մի հայ էդպիսի բան է մտածում, ապա հետ պիտի գնա ու նայի անցյալը, տեսնի ապագան: Էլի եմ կրկնում՝ եթե փորձեն նորից ոտնձգություն անեն մեր պետության, մեր Արցախի նկատմամբ՝ մենք էլ դեռ իրենց Բաքվում գործեր ունենք: Մենք պատրաստ ենք ամեն ինչ, եթե պատրաստ չէնք հարձակվել, նվաճել, իսկ պաշտպանելուն ու տեղը նստացնելուն պատրաստ ենք»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829