Փետրվարի 16-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրիի հետ, որի ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետին է փոխանցել հայկական կողմի պաշտոնական հրավերը` մասնակցելու ապրիլի 22-23-ին Երեւանում կայանալիք հոբելյանական միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500 ամյակին եւ 2012 թվականին Երեւանը` գրքի միջազգային մայրաքաղաք հռչակմանը:
Արգենտինայի մայրաքաղաքի ղեկավարը գոհունակությամբ է ընդունել հրավերը: Նա նշել է , որ Բուենոս Այրեսի պատվիրակության այցելությունն Երեւան կարեւոր խթան կհանդիսանա այս երկու քույր քաղաքների միջեւ համագործակցության կապերի ամրապնդման համար: Նկատի ունենալով, որ մինչեւ 2012թ. ապրիլի 21-ը գրքի միջազգային մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է, դեսպան Կարմիրշալյանն ու քաղաքապետ Մաուրիսիո Մակրին կարեւորել են, որ առաջին անգամ մեկ քաղաքից մյուսին այդ տիտղոսի փոխանցման արարողությունը կատարվելու է նման հանդիսությամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանավորությամբ, ՀՀ կառավարության, հանձնող ու ընդունող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:
Նախօրեին` փետրվարի 15-ին, դեսպան Կարմիրշալյանը հանդիպում էր ունեցել Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդիի հետ եւ նրա հետ քննարկել են արգենտինական պատվիրակության` Երեւանում կայանալիք միջոցառումներին ակտիվ մասնակցության հնարավորությունները:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ