Լրահոս
Օրվա լրահոսը

Լինզաներ` նախատեսված փարթիների համար. Ամեն ինչ լինզաների մասին

Փետրվար 18,2012 14:28


Տեսողության խնդիրներն այսօր ավելի տարածված են, քան տարիներ առաջ: Ինչպես փաստում է ակնաբույժ Ժասմեն Հարությունյանը` պատճառն այսօրվա կենցաղն ու պայմաններն են. «Տեսողական օրգանը շատ ավելի խոցելի է և հաճախ հենց փոքր տարիքից սկսած մարդն ունենում է տեսողական խնդիրներ, և հետագայում արդեն դեռահասության տարիքը, տեսողական գերծանրաբեռնվածության ազդեցությունը կարող են սկսած պրոբլեմը խորացնել¦: Եթե մարդն ունի տեսողական խնդիրներ` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, ապա տեսողությունը կորեկցելու` շտկելու, ամենատարածված, լայն կիրառություն ունեցողը ճանապարհը ակնոցային և կոնտակտային` ոսպնյակային, կորեկցիան է: Մարդը կարող է շատ հաջող կրել և´ ակնոց, և´ կոնտակտային լինզա, սակայն կան դեպքեր, երբ տվյալ անհատին խորհուրդ է տրվում նշվածներից որևէ մեկը` զուտ մասնագետի նշանակմամբ: «Հազվադեպ են այն դեպքերը, երբ մարդուն առաջարկվում է լինզայի և ակնոցի միաժամանակյա կրում, դա տեսողությունը շատ թե քիչ բարելավվելու համար է»: Փոխարենը բժիշկը հավաստում է, որ մարդը կարող է օրվա մի մասը լինել լինզայով, իսկ մյուս մասը ակնոցով, այդ դեպքում տեսողությանը որևէ վնաս չի հասցվում: Բժշկի խոսքով` տարածված միֆ է, որ լինզաները վատ հետևանք են թողնում, վնասում են տեսողությունը: «Խնդիրներ կարող են առաջանալ միայն չիմացության արդյունքում, ինֆորմացիայի պակասից, իսկ եթե ընտրվում է որակյալ կոնտակտային ոսպնյակ` ճիշտ պարամետրերով, ինչպիսին որ պետք է տվյալ անհատին, ապա որևէ խնդիր լինզան աչքի համար առաջացնել չի կարող», – ավելացնում է ակնաբույժը: Ըստ նրա` մեծ նշանակություն ունի նաև թե որքանով է մարդը տեղյակ` ինչպես պետք է կրել լինզան, ինչպես խնամել, հետևել հիգիենիկ կանոններին, դնելու և հանելու նրբություններին:

Լինզան նշանակելիս հաշվի են առնվում անհատի աչքի տվյալները, նրա աշխատանքի բնույթը, կենցաղը: Իսկ սխալ ընտրության դեպքում, ինչպես փաստում է ակնաբույժը, և լինզան, և ակնոցը կարող են առաջացնել ինչպես սրտխառնոց, գլխացավ, այնպես էլ տեսողության խանգարում:

Կա կոնտակտային ոսպնյակների մի քանի տեսակ:

Կոսմետիկ լինզաներ, որոնք մարդկանց անհատական պահանջները կոսմետիկ առումով բավարարելու համար են:

Դեկորատիվ լինզաներ, որոնք նախատեսված են ակնագնդի որևէ դեֆեկտը փակելու համար. դրանք ևս կարող են օպտիկա պարունակել:

Կան նաև փարթիների համար նախատեսված լինզաներ` կարմիր սրտիկի, ֆուտբոլի գնդակի, դոլարի նշաններով:

Զուտ բժշկական առումով տարածված են մինուսներով, պլյուսներով, աստիգմատիկ լինզաներ: Ինչպես նշում է ակնաբույժը, և´ օպտիկական, և´ գունավոր լինզաների խնամքը պրակտիկորեն նույնն է: «Կան բազմաֆունկցիոնալ հեղուկներ, որոնց մեջ լինզան հարյուր տոկոսով ստերիլացվում է»,- ավելացնում է բժիշկը խորհուրդ չտալով լինզա գնել տոնավաճառներից, անցումի տակից, ոչ մասնագիտացված առևտրի կետերից:

Լինզաներն ունեն կրման ժամկետներ: Մեկ օրվա կրման լինզաները խնամք ընդհանրապես չեն պահանջում, քանի որ կրելուց հետո այն պետք է նետել: «Հիմա լավագույնն են համարվում հաճախակի փոխման ժամկետով լինզաները` շնչող կոնտակտային ոսպնյակները, որոնց ժամկետը լինում է մինչև մեկ ամիս»: Կան լինզաներ, որոնց համար պարտադիր պայման է գիշերը` քնելիս հանել լինզան, կան նաև այնպիսի դեպքեր, երբ 30 օր թույլատրվում է աչքերից չհանել, սակայն դա պետք է լինի  խիստ անհատական կոնսուլտացիա անցնելուց հետո միայն. կրման ռեժիմը պարտադիր պետք է որոշի մասնագետը:

Արդյո՞ք լինզան կամ ակնոցը կարող են վերականգնել տեսողությունը ժամանակի ընթացքում: Ըստ ակնաբույժի և´ լինզան, և´ ակնոցը առաջին հերթին տեսողությունը բարելավելու միջոցներ են, սական կան նաև դեպքեր, երբ դրանք ունենում են բուժիչ նշանակություն: «Հատկապես մանկական տարիքում ակնոցի միջոցով կարող է բարելավել և տեսողությունը, և շտկվել աչքերի թեքությունը»,- հավելում է Ժասմեն Հարությունյանը` խորհուրդ տալով ապրել առողջ և լինել լավատես:

Ռուզան Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829