Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵԿՄ 9-րդ համագումարին

Փետրվար 18,2012 14:20

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 9-րդ համագումարին:

Համագումարին Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ելույթով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 9-րդ համագումարում

 Բարև ձեզ:

Ես պարտավոր եմ իմ բոլոր ելույթները կառուցել ընդունված չափանիշներին հարիր, հաշվի առնել, թե պաշտոնական խոսքը ինչպես կընդունվի ամենատարբեր լսարաններում, որպեսզի մեկին ուղղված միտքն անուղղակիորեն չվիրավորի մեկ ուրիշին. պարտավոր եմ հաշվի առնել արարողակարգային բոլոր նրբությունները: Ըստ կարգի, ես պետք է այսօր այսպես սկսեի իմ խոսքը. «Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին»: Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա համատեղ ուղին ինձ ստիպում է այլ կերպ խոսել և  ասել.

Տղե՛րք,  բարո՛վ տեսանք:

Վազգենն ասում էր. «Երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումը, այն էր, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները և իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում բանակ ստեղծվի»: Անսխալ էր ասում Վազգենը: Այո՛, երկրապահը սահմանապահ չէր, երկրապահը հենց հայրենիքի սահմանն էր: Երկրապահը ծնող էր, որ իր թևերը փռեց կրակների վրա, իր մարմնով ծածկեց արհավիրքը, մինչև մեծանա ու կազմավորվի զավակը` հայոց երիտասարդ բանակը: Սեպտեմբերի 21-ին այդ բանակը հասուն երիտասարդի կեցվածքով խրոխտ անցնում էր Հանրապետության հրապարակով. ձե՛ր շնորհիվ էր անցնում, տղե՛րք, մեր բոլո՛ր տղաների շնորհիվ էր անցնում ու մեր ժողովրդի, նրա պայքարի, զրկանքների ու ոգու ամրության շնորհիվ էր անցնում:

Փա՛ռք ու պատիվ բոլորին. նաև նրանց, ովքեր այսօր այստեղ չեն: Եվ իհարկե տղերքին, որ ընկան մարտում, բայց շարունակում են սերունդներ ոտքի կանգնեցնել` իրենց ոգով ու իրենց օրինակով: Փա՛ռք նրանց հիշատակին:

Փա՛ռք մեր ամրության առանցքը նորոգողներին: Այդ առանցքը կերտված է այն նյութից, որից հունցված է հայի տեսակը, հայի արժեհամակարգը: Այդ առանցքը սկիզբ է առնում պատմության խորքում:

Հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին, կենաց ու մահվան մարտահրավերների առջև կրկին ու կրկին զրնգացել է հայկական լայնալիճը: Ու այդ զրնգոցի կանչը արթնացրել է հայկական ըմբոստ ու պատվախնդիր ոգեկերտվածքը կրողներին: Ամենախաղաղ մասնագիտության տերը, ամենախաղաղ աշխատանք կատարող հայորդին այդ կանչով մի գիշերվա մեջ ուսուցչից,  գյուղացուց, լրագրողից, տրակտորիստից ու մշակից դառնում է ռազմիկ ու քաջակորով սպարապետ: Դառնում է աննկուն ու երկաթյա կամք ու ելնում թշնամու դեմ: Այսպես է եղել Հայոց ձորից մինչև Շուշի, Ավարայրից՝ Սարդարապատ, Վասպուրականից՝ Բաշ Ապարան ու Քարվաճառ: Այսպես է լինելու և գալիք դարերում, թե ոսոխի վերահաս սուրը կրկին մթագնի հայոց երկինքը:

Նախորդ դարավերջին աշխարհը կրկին ականատես եղավ հայի փոխակերպմանը, այս անգամ՝ հառնելով որպես երկիրը պահող կամավորականություն: Երբ հայ կամավորին զարմացած հարցնում էին, թե հինգ երեխա ունես, ինչպե՞ս ես պատերազմ գնում, նրա պատասխանը չափազանց խոսուն էր. «Հինգ երեխա ունեմ, դրա համար էլ  պատերազմ եմ գնում, որպեսզի անվտանգ երկրում ապրեն»։

Հայ երկրապահի բռունցքը փշրեց թշնամու շարասյուների ողնաշարն ու ծնկած հակառակորդին խաղաղություն պարտադրեց:

Երկրապահ կամավորականի ոգին ու պատերազմի դաշտում կռած հմտությունը դարձան հայոց բանակ: Մարտի դաշտում ընկած քաջերի հերոսությունը դարձավ  հայրենասիրության դաս՝ հազարավոր մանուկների համար, որ կրթվում են ու դեռ պիտի կրթվեն հայոց դպրոցներում: Երկրապահների մարտական եղբայրությունը դարձավ սոցիալական համաձայնության այն խարիսխը, որին պետք է ձեռք մեկներ մեր հասարակությունը փորձության  պահերին: Իսկ դրանք քիչ չէին անցած երկու տասնամյակում: Պիտի ձեռք մեկներ նաև պառակտման անդունդի եզրին կանգնած ժողովուրդը, որը հենվելով արժեքների անխախտ այդ առանցքի վրա` պիտի հաղթահարեր բաժանարար գծերն ու վերագտներ զարգացման ուղին:

Երկրապահը դարձավ տուն: Դարձավ խաղաղ իր աշխատանքին, իր գրչին ու բահին: Որպես դասախոս կանգնեց իր լքած լսարանի առջև ու որպես ուսանող նստեց լսարանի աթոռին: Ստանձնեց երկրի ղեկն ու վարեց իր թողած տրակտորը: Եվ այսօր, փոքրամարմին, համեստ, ոչ այնքան բարձրահասակ, մազերի մեջ արդեն նշմարվող սպիտակով իր բանուգործին լծված շինականին Տավուշի հեռու գյուղերում տեսնելով` դժվար է հավատալ, որ դիմացդ կանգնած է մարդ, ումից սարսափել է հակառակորդը Արցախյան պատերազմի տարիներին: Երկրապահը մասնակցեց նաև բանակաշինության դժվարին գործին՝ իր փորձն ու վստահությունը փոխանցելով երիտասարդ զինվորին ու հրամանատարին:

Լցվեց ու ողջ ժողովրդին լցրեց իր սպարապետի վստահությամբ, որ «21-րդ դարի սկզբում ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից,  համարձակ, լիասիրտ,  թիկունքին` արժանապատիվ պատմություն, առջևում` տարածություն…»

Եվ իր առջևում բազում դարեր ունեցող ժողովուրդը պիտի դեռ երկար հիշի հայ երկրապահի իմաստնությունը, հենց նրա իսկ խոսքերով. «Երկրապահը նախկին չի լինում, ու եթե պահանջվի, հայրենիքի համար մենք ու մեր ընկերները պատրաստ ենք կրկին համազգեստ հագնել»: Տա Աստված, Մանվել ջան, որ դրա անհրաժեշտությունը չլինի:

Սիրելի՛ երկրապահներ,

Չլինելով քաղաքական կազմակերպություն` «Երկրապահը» մեզանում ունեցել է և ունի հասարակական և նույնիսկ քաղաքական կշիռ ու դեր: Չթաքցնենք, Երկրապահի նկատմամբ մեզանում եղել են նաև հակասական գնահատականներ: Պատերազմից վերադարձած մարդու համար բոլոր ժամանակներում եղել են լուրջ խնդիրներ` կապված խաղաղ պայմաններին հարմարվելու-չհարմարվելու, նոր իրավիճակում իր տեղն ու դերը գտնելու հետ: Այդ խնդիրները և՛ հոգեբանական են, և՛ սոցիալական, և՛ հասարակական: Այսօր, տարիների փորձն աչքի առաջ ունենալով, կարող ենք փաստել, որ Երկրապահին մեծ հաշվով հաջողվել է լուծել այդ խնդիրը: Ավելին, Երկրապահը միշտ գտնվել է հայրենիքի զինվորին արժանի բարձրության վրա: Երկրապահ կամավորականների միության հասարակական ու քաղաքական վարքը մեզանում զգալի դրական ազդեցություն է ունեցել և այսօր էլ ունի: Նաև նրա քաղաքացիական կեցվածքով է պայմանավորվել մեր երկրի մթնոլորտը:

Ի դեմս Երկրապահի` այսօր մենք գործ ունենք պետության ու ժողովրդի ճակատագրով մտահոգ կազմակերպության հետ, որ զերծ է պատեհապաշտությունից և բոլոր առանցքային հարցերում ունեցել է և ունի հստակ սկզբունքային դիրքորոշում:

Այս դահլիճում նստած են մարդիկ, ովքեր վտանգի պահին չեն երկնչել, ում համար Հայաստանն ու Արցախը վեր են քաղաքականությունից և ամեն ինչից: Կրկնում եմ՝ ամեն ինչից: Նրանցից շատերն իմ մարտական ընկերներն են, և ես հպարտ եմ դրա համար:

Բայց հաղթանակով ո՛չ թե ավարտվեց, այլ նորովի սկսվեց մի ուրիշ գործ` ազատ ու արդար Հայաստանի կառուցումը:

Այսօր մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք դրականորեն են փոխելու մեր երկրի դեմքը, նրան հաղորդելու են 21-րդ դարի քաղաքակրթությանը վայել նկարագիր: Սա ժամանակի հրամայականն է, և Հայաստանը զարգացման այլ ճանապարհ չունի: Սա մեծ ու դժվարին գործ է, բայց մենք անելու ենք: Անելու ենք ուս ուսի տված, միասին և հաղթելու ենք:

Հայաստանը մտնում է զարգացման նոր հուն: Մենք կերտում ենք նոր երկիր, նոր հասարակություն և նոր քաղաքացի: Կարգապահություն և ազատություն, կարգուկանոն և ժողովրդավարություն. սրանք փոխադարձաբար լրացնում և պայմանավորում են միմյանց: Հայաստանի քաղաքացին լինելու է այնքան ազատ, որքան օրինապահ է:

Մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը պահանջում են ազատ ու արդար երկիր, պահանջում են իրավական պետություն ո՛չ թե ապագայում, այլ այսօր և այստեղ: Եվ նրանք ճիշտ են:

Մեզանում, ինչ խոսք, կան սեփական հնարավորությունները գերագնահատողներ, ովքեր ուղղակի շահարկում են դժվարությունները, կան նաև անհամբերներ ու կասկածամիտներ, ում հավատը սասանվել է, որովհետև բախվել են անարդարության հետ, բախվել են ապօրինությունների հետ: Պետք է շարունակել փոխել` նորոգելով հավատը: Հավատ սեփական ուժերի, հայրենի պետության ու հայոց ապագայի հանդեպ:

Երկիրը փոխվում է օր օրի: Բազմաթիվ բացասական երևույթներ, որ սովորական էին երեկ, այսօր արդեն բացառված են: Առանձին բացասական երևույթներ էլ խորացել են, նաև առաջացել են նորերը: Փոփոխություններն առաջին հերթին դրանք բացառելու ուղղությամբ ենք տանելու: Մենք գնում ենք Հայաստանը համակողմանիորեն արդիականացնելու ճանապարհով: Արդիականացումը վերաբերում է թե՛ մեր քաղաքական ու իրավական համակարգին, թե՛ արդյունաբերությանը, թե՛ գիտությանն ու կրթությանը: Մենք պետք է դառնանք ժամանակակից ազգ, որ մրցունակ է և պատրաստ է դիմակայել պատմական պահի մարտահրավերներին:

Հայաստանը հաղթանակած մարդկանց երկիր է: Այն չի՛ կարող լինել աղքատ կամ հետամնաց: Հաղթանակած մարդկանց երկրում չի՛ կարող ոտնահարվել մարդու արժանապատվությունը: Մեր աչքի առաջ աշխարհում գրեթե ազգ չմնաց, որ ոտքի չկանգներ իր արժանապատվության համար: Մենք առաջիններից էինք ու պարտավոր ենք ավելի արագ արդյունքներ գրանցել:

Հարգելի՛ երկրապահներ,

Այս դահլիճը լավագույնս է մարմնավորում մարդկային ու ազգային արժանապատվությունը: Դուք դրանով զինված մարտի եք գնացել: Դուք դրանով ապրում եք: Մենք կառուցում ենք Հայաստան, որ  պիտի մարմնավորի մեր մարդկային ու ազգային արժանապատվությունը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ստացվելու է: Պետք է հավատանք, որ ստացվի: Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել:

Պի՛նդ եղեք, տղե՛րք ջան: Հաջողությու՛ն ձեզ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829