Իրենց գիտելիքները փորձարկելու էին եկել ավելի քան 2400 դպրոցականներ։
Արդեն չորրորդ տարին է` Երեւանի պետական համալսարանը դպրոցականների համար կազմակերպում է օլիմպիադա, որի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց ծանոթացնել իրենց նախընտրած ֆակուլտետներին:
«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին այս անգամ մասնակցում էին ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները: Ըստ առարկաների` յուրաքանչյուր դպրոցից օլիմպիադային կարող էր մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տեւողությունը չորս ժամ էր:
Կարդացեք նաև
«Հետագայում ցանկանում եմ ընդունվել հենց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, հենց այդ պատճառով որոշեցի մասնակցել դպրոցականների համար նախատեսված օլիմպիադային։ Փորձում եմ ստուգել գիտելիքներս, ինչպես նաեւ հաղթահարել ընդունելության քննությունների հանդեպ տածած վախս»,- նշեց Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան համար 5 ավագ դպրոցի աշակերտուհի Քնարիկ Ավետիսյանը։
Վերջինիս տատիկն էլ էր իր հետ եկել համալսարան, որպեսզի ոգեւորի թոռնուհուն. «Իմ զավակներն ավարտել են Երեւանի պետական համալսարանը, կուզեի, որ թոռներս էլ շարժվեն իրենց ծնողների հետքերով»։
Նշենք, որ օլիմպիադան անցկացվում էր հետեւյալ հանրակրթական առարկաներից` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք ու հայ եկեղեցու պատմություն:
Հավելենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին մասնակցում էին շուրջ 2400 դպրոցականներ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Շիրակի, Տավուշի, Արմավիրի եւ Արարատի մարզերի մի շարք դպրոցներից: Ի դեպ, ՀՀ մարզերի դպրոցականներն օլիմպիադային մասնակցում էին իրենց մարզկենտրոններում:
Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել էր հանձնաժողով, որի նախագահները համապատասխան ֆակուլտետների դեկաններն էին:
«Ի տարբերություն անցած տարվա՝ այս անգամ «Ստեղծագործական աշխատանք» առակայից օլիմպիադային ավելի շատ դպրոցականներ են մասնակցում: Եթե անցած տարի նրանց թիվը 15-ն էր, ապա այս անգամ մասնակիցները 21-ն են։ Ստեղծագործելու համար ընտրվել են այնպիսի թեմաներ, որոնք կարող են գրել թե ավագ դպրոցի, թե մասնագիտացված դպրոցներ հաճախող դպրոցականները»,- նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ` Մուշեղ Հովսեփյանը։
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ նշեց, որ օլիմպիադայի հիմնական նպատակն է դիմորդներին ծանոթացնել Երևանի պետական համալսարանի հետ: Ըստ Վաչագան Գալստյանի` դեռևս չորս տարի առաջ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 600 աշակերտ, սակայն այս տարի նրանց թիվն հասնում է 2000-ի:
«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ի փակման եւ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին։