04.02.2012թ.-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում առաջին ծանր քաշային կարգում տեղի ունեցավ հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆի մենամարտը բրիտանացի Փոլ Մորիսի հետ: Ստորեւ ներկայացնում ենք գերմանական Առաջին հեռուստաընկերության մեկնաբանությունը այս մենամարտի մասին:
«Երբ Դավիթ Գրաֆն է մտնում բռնցքամարտի ռինգ, մրցավարների գործը շատ է թեթեւանում, քանի որ Դավիթի մենամարտերի ժամանակ վերջիններիս ներկայության անհրաժեշտությունը դեռ երբեք չի զգացվել: Մարզիչ Թորստեն Շմիցի սանը մինչեւ օրս պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր բոլոր հինգ մենամարտերն առաջին երկու խաղակեսերում հաղթանակել է նոկաուտով: Դավիթի այսօրվա մրցակիցը՝ բրիտանացի Փոլ Մորիսը, չնայած բերանից մերթընդմերթ կորցնում էր պաշտպանիչ ատամնակալը, սակայն չէր կորցնում պաշտպանվելու իր տրամադրությունը: Սա մի նոր փորձություն էր զինդելֆինգենցի առաջին ծանր քաշային բռնցքամարտիկ Գրաֆի համար: Նա նույնիսկ գլուխը դեպի ներքեւ իջեցրած որոշակիորեն պաշտպանվում էր եւ իր հակառակորդից տարածություն պահում, ինչը ստիպեց մրցավարներին ակտիվություն ցուցաբերել խաղի նկատմամբ: Սակայն Գրաֆը մենամարտի վերջում կետերով պարզորոշ առաջատարն էր: Չնայած իր անթերի նոկաուտային շարքն այսպիսով ընդհատվեց, բայց 23-ամյա Դավիթը չի տխրում դրա համար: «Ես փորձի կարիք ունեմ եւ այն կստանամ, եթե երկար մենամարտեմ ռինգում, լինի այն 6 կամ 8 խաղափուլերից բաղկացած՝ միեւնույն է: Ես ինձ 6 ռաունդից հետո լավ եմ զգում, չեմ բողոքում: Սա նշանակում է, մեր տրամադրությունը տեղն է»,- ահա այսպես մեկնաբանեց Գրաֆը իր հերթական հաղթանակը մենամարտի ավարտից անմիջապես հետո: 6 հաղթանակ՝ 6 խաղից, հօգուտ Դավիթ Գրաֆի եւ մեկ փորձ նրա համար եւս, որ բռնցքամարտը չի կայանում միայն մեկ հարվածով»:
ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ
թարգմանիչ եւ հեղինակ