Շախմատի «Aeroflot Open» գերմրցաշարի ավարտից հետո երեկ Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում կայացավ «Ռեգիոն» ընկերության գավաթի բլից մրցաշարը, որին մասնակցող 205 շախմատիստներից 117-ը կրում էր գրոսմայստերի կոչում, իսկ 13-ի անհատական գործակիցը բարձր էր 2700-ից: Շվեյցարական մրցակարգով՝ ինը տուրով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը 18 հնարավորից վաստակեց 15,0 միավոր: Երկրորդ տեղը գրավեց Կարյակինի համերկրացի Ալեքսանդր Գրիշչուկը: Նա իր անվան դիմաց գրանցեց 14,5 միավոր: Իսկ եռյակը 13,5 միավորով եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանյին: Մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացրին ինը շախմատիստներ: Նրանցից լավագույնը Հրանտ Մելքումյանն էր: Նա 11,0 միավորով հանգրվանեց 39-րդ հորիզոնականում: Առաջին հարյուրյակում տեղ զբաղեցրին նաեւ Կարեն Գրիգորյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Դավիթ Գասպարյանը: