Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Facebook-ից հրաժարվելով էլ կարելի է պահք պահել

Փետրվար 18,2012 13:36

«Մի աղջիկ մոտեցավ եւ հարցրեց՝ որ պահք պահեմ, քանի՞ կիլոգրամ կնիհարեմ: Մի պահ ինձ բժիշկ-դիետոլոգ պատկերացրի, բայց սթափվեցի ու սկսեցի բացատրել պահքի խորհուրդը»,-«Մանանա» ծրագրի շրջանակներում օրերս կայացած հերթական հանդիպման ժամանակ ասաց սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր Գեղամ սարկավագ Ավետիսյանը: Նա հավելեց, որ չնայած պահքի նկատմամբ ոչ ճիշտ մոտեցմանը, առաջընթաց է նկատում երիտասարդների շրջանում. շատերը գիտակցաբար են պահք պահում:

Ինչպես հայտնի է, այս տարի՝ փետրվարի 19-ին՝ բուն Բարեկենդանի օրը, սկսվում է քառասնօրյա Մեծ պահքը, որը ենթադրում է կենդանական սննդից հրաժարում: Սամվել սարկավագ Հարությունյանն  էլ մեկնաբանում է, որ պահեցողության հիմքը զղջումն է ու կատարած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելը. «Ուտելիքն ընդամենը արտաքինն է: Եթե չկա հոգեւորը, բուսական սնունդով սնվելը կորցնում է իր իմաստը: Պահքը միջոց է՝ կամքը կոփելու համար»: Պահք պահելու օգտակարությունն ընդգծելու համար Սամվել սարկավագը մեջբերեց հետեւյալ պատմությունը. «Վանականներին հարցնում են՝ ճի՞շտ է, որ պահք եք պահում: Վանականները պատասխանում են. չգիտենք՝ պահում ենք, թե՝ չէ,  բայց որ պահքն է մեզ պահում, դա հաստատ է»: Ինչպես նշեց Սամվել սարկավագը, եթե մարդ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կամ դժվարանում է պահք պահել, ապա կարող է օրվա մեջ սնվել մեկ անգամ կամ հրաժարվել քիմքին հաճելի  ուտեստներից ու քաղցրեղեններից, ինչպես նաեւ՝  կախվածություն առաջացնող երեւույթներից, օրինակ՝ թղթախաղ,  սուրճ, թմրանյութ, հեռուստասերիալներ, սոցիալական ցանցեր. «Ինտերնետում  ժամերով նստելով եւ անիմաստ ժամանակ վատնելով՝ կարծես դատարկություն ենք զգում: Այդտեղ չկա հոգեւոր բան, հետեւաբար կարելի է պահքի օրերին հրաժարվել Facebook մտնելուց, ինչպես ընկերներիս մի մասն է պատրաստվում անել»: Հոգեւորականը հավելեց, որ քրիստոնյան ազատ է իր ընտրության մեջ. «Բայց զավզակություն անելու փոխարեն պահքի շրջանում կարելի է խոսել լավ երեւույթներից, չբամբասել, չհայհոյել»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829