Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ օտար երկրում ճամբար հանձնվելը՝ արժի մտածել»

Փետրվար 18,2012 13:34

Հարցազրույց գերմանաբնակ ուսանողուհի Էլլադա Մարտիրոսյանի հետ

– Ե՞րբ եւ ինչպե՞ս մեկնեցիք Գերմանիա:

– Համալսարանն ավարտելուց հետո հնարավորություն ստացա մեկ տարով մեկնել այնտեղ՝ լեզուն ուսանելու: Ի սկզբանե նպատակ չունեի հաստատվել Գերմանիայում, սակայն մեկ տարի այնտեղ անցկացնելուց հետո հասկացա, թե ինչ լավ հնարավորություններ եւ հեռանկար ունեն այստեղ երիտասարդ մասնագետները, մի բան, որը, ցավոք, Հայաստանում չկա: Օրինակ՝ իմ հայաստանյան ընկերներից քչերն են այսօր աշխատանքով ապահովված, եւ նրանցից շատերը իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Իհարկե՝ այստեղ էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ուսումս աշխատանքի հետ եմ համատեղում եւ հաճախ օրվա վերջում ուժասպառ տուն եմ գալիս, տուն ասելով՝ նկատի ունեմ ուսանողական հանրակացարանի իմ սենյակը: Համոզված եմ, որ ուսումս ավարտելուն պես արժանապատիվ աշխատանք կստանամ:

– Այսօր Ձեզ լիովին ինտեգրվա՞ծ եք համարում գերմանական հասարակությանը:

– Այնքանով, որքանով օտարազգին կարող է ուրիշ հասարակությանն ինտեգրվել: Գերմանիայում շատ ազգերի ներկայացուցիչներ կան, եւ կարծես ոչ գերմանացի լինելը միավորում է տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց՝ սերբերին, հույներին, հայերին եւ թուրքերին:

– Հայերի եւ թուրքերի միջեւ ընդհարումներ չե՞ն լինում:

– Երբեք, ինչպես արդեն ասացի, այստեղ մենք բոլորս օտարազգի ենք, եւ այդ զգացումը միավորում է մարդկանց ավելին, քան կարող են գժտեցնել միջպետական հարաբերությունները:

– Ի՞նչ տպավորություններ եք ստացել գերմանահայ համայնքից:

– Հայկական համայնքներից ամենահինն ու խոշորը Ֆրանկֆուրտում է, իմ բնակության քաղաքում՝ Համբուրգում եւս կա հայկական համայնք, սակայն ոչ այդքան մեծ: Սովորաբար համայնքի հետ միասին այնպիսի տոներ եմ նշում, ինչպիսիք են Զատիկը, Ամանորը:

– Ինչպե՞ս են այսօր ապրում հայերը Գերմանիայում:

– Ես կարող եմ խոսել միայն Համբուրգի հայության մասին, սակայն չեմ կարծում, թե ուրիշ քաղաքներում իրավիճակը շատ է տարբերվում: Մարդիկ տարբեր են, հայության որոշ հատվածը իսկապես ազնվորեն է վաստակում իր օրվա հացը, Գերմանիայի բուհերում այսօր կան խելացի, բանիմաց հայ ուսանողներ: Ցավոք, պիտի խոստովանեմ, որ կա հայերի մի խավ, որ անազնիվ միջոցների հաշվին է ապրում, ավելի ստույգ՝ զբաղվում է գողությամբ: Այսօր հայերը, որոշ ազգերի ներկայացուցիչների նման, ոչ բարենպաստ համբավ են ձեռք բերել, եւ դա, անշուշտ, չի կարող չմտահոգել:

– Մի՞թե այդ մարդիկ գումար վաստակելու այլ միջոցներ չունեն:

– Այդ մարդկանց մեծամասնությունը, այսպես կոչված, փախստականներն են, որոնք, ապրելով հատուկ ճամբարներում, չունեն աշխատանքի իրավունք: Թեեւ գերմանական պետությունը ապահովում է նրանց սննդով եւ այլ անհրաժեշտ պարագաներով, նրանք, սակայն, դրանով չեն բավարարվում:

Ճամբարներում գտնվող հայազգիների ստույգ թիվը չեմ կարող ասել, գիտեմ, որ վերջին տարիներին, պայմանավորված էմիգրանտների հետ կապված օրենքների խստացմամբ, հայերի զգալի արտահոսք կա դեպի Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա:

– Այդ մարդիկ կարո՞ղ են երբեւէ ինտեգրվել գերմանական հասարակությանը:

– Դա բարդ հարց է: Շատերը այստեղ երկար տարիներ ապրելով՝ դեռ չեն տիրապետում լեզվին, բացի այդ, եթե դուք ճամբարաբնակ եք, դա նշանակում է, որ ոչ միայն չեք կարող լքել տվյալ քաղաքը կամ աշխատել, այլեւ ձեր երեխաները իրավունք չեն ունենա սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում: Եթե ես օրինական այստեղ չբնակվեի, ապա մեկ օր անգամ չէի հապաղի եւ Հայաստան կվերադառնայի: Կարծում եմ, որ մինչեւ հայրենիքը լքելը՝ օտար երկրում ճամբար հանձնվելու նպատակով, արժի մտածել, թե արդյոք այդ քայլը արդարացվա՞ծ է:

ՍՏԵԼԼԱ ՏԵՐՏԵՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829