Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապել չեմ սիրում»

Փետրվար 18,2012 13:31

ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի անցյալ տարվա հավակնորդ, երգիչ Հայկ Տիգրանյանը կմասնակցի հեղինակավոր մրցույթի:

Հայկ Տիգրանյանը՝ Ռամֆիսի կերպարում:

«Առավոտն» անցյալ տարի անդրադարձել է դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի «թափուր» մնացած ճակատագրին, ինչը որոշ շրջանակներում կասկածի տեղիք էր տվել մասնագիտական հանձնախմբի անաչառության առումով: Հիշեցնենք, որ մասնակցել էր 19 երգիչ-երգչուհի, ժյուրին գլխավորել է դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը: Մրցույթի պատասխանատու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանից փորձեցինք ընդամենը ճշտել՝ այս տարի քանի՞ վոկալիստ է հայտ ներկայացրել եւ ժյուրիի կազմն անփոփո՞խ է: Տիկին Խաչիկյանը սկզբում ասաց, որ իրենք աշխատում են թափանցիկ, սակայն ձեռնպահ են մնում մամուլում նման տեղեկություններ տարածել, ապա հավելեց, թե ժյուրին դարձյալ գլխավորելու է Յուրի Դավթյանը:

Տեղեկանալով, որ անցյալ տարվա ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հիմնական հավակնորդ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը պատրաստվում է մասնակցել Հյուսիսային Կորեայում կայանալիք միջազգային մրցույթին ու 2011-ը երիտասարդ երգչի համար եղել է բեղմնավոր շրջան, հանդիպեցինք նրա հետ:

Ազգային օպերային թատրոնի մեներգիչ մեր զրուցակիցը գլխավոր դերերգերով հանդես է գալիս խաղացանկային ներկայացումների մեծ մասում, այդ թվում՝ Ռամֆիս՝ Վերդիի «Աիդայում», Վասակ՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդում», Մազետտո՝ Մոցարտի «Դոն Ժուանում», Մելիք՝ Տիգրանյանի «Դավիթ-Բեկում», Բազարբաշի՝ Հարությունյանի «Սայաթ-Նովայում» եւ այլն: Նրան հանդիպում ենք գալա համերգներում, համաշխարհային օպերային գրականությունում բասի համար գրված այնպիսի դերերգերով, ինչպիսիք են Բազիլիոն (Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ»), Մեֆիստոֆելը (Գունո՝ «Ֆաուստ»), Իվան Սուսանինը (Գլինկայի համանուն օպերայում) եւ այլն: Թատրոնում էլ պատրաստում է Ցունիգայի (Բիզե՝ «Կարմեն») եւ ծեր գնչուի (Ռախմանինով՝ «Ալեկո») դերերգերը:

Խոսելով իր բեմական գործունեության մասին, Հայկ Տիգրանյանը նշեց, որ Երեւանի կոնսերվատորիայում անվանի մանկավարժ Սերգեյ Դանիելյանի դասարանում սովորելու տարիներին աշխատել է Օպերային թատրոնի երգչախմբում (գլխավոր խորմայստեր՝ Կարեն Սարգսյան), որն իր համար մեծ դպրոց էր: 2008-ից սկսած, իբրեւ մեներգիչ, աշխատել է անվանի ռեժիսորներ Մարիո Կորրադիի, Գայոզ Ջորդանիի, Մարկ Կիսոցցիի, Էրիկ Գաբիդովի հետ: Նա փաստում է, որ ուրիշ է աշխատանքը բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Քանի որ կա տարիքային սահմանափակում, իսկ իմ 27-ն արդեն լրացել է, այլեւս չեմ կարող մասնակցել»,- հայտնեց երգիչը՝ ավելացնելով, որ լրջորեն է նախապատրաստվում ապրիլի 9-21-ը Կորեայում կայանալիք մրցույթին, որին մասնակցության հայտ են ներկայացրել վոկալիստներ 170 երկրից: Փաստելով, որ մեր երկրում պրոդյուսերական դպրոցը դեռեւս կայացած չէ եւ «դրսից» հաճախ չեն գալիս մասնագետներ՝ երգիչներ ընտրելու նպատակով, Հ. Տիգրանյանը նեղսրտեց, որ սեփական նախաձեռնությամբ է այդ բացը լրացնում: Ինչ վերաբերում է մենահամերգին եւ «այցեքարտ» հանդիսացող CD-ին, երգչի պատասխանը հակիրճ էր՝ «Շտապել չեմ սիրում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829