Լրահոս
Օրվա լրահոսը

Դինքի ընձեռած հնարավորությունը

Փետրվար 18,2012 13:28

Եթե թարմ հայացք նետենք խնդրին, ապա ստացվում է, որ Հրանտ Դինքի սպանությունն ու դատարանի վճիռը գրեթե փոխլրացնում են իրար։

Այդ սպանությունն իրագործել էին Թուրքիան խառնելու, փոխվող իշխանությանը հարվածելու, հետ գցելու, նույնիսկ կասեցնելու համար, իսկ ընդունված վճիռն էլ նույնպես նման մի նպատակի ծառայեց։ Կառավարության ներկայացուցիչները հայտնում են իրենց անհամաձայնությունը վճռի հետ, վարչապետը բաց կերպով քննարկում է իրադարձությունը՝ նույնիսկ ակնարկելով Անկարայի միջանցքները, կառավարության մյուս թեւը այդ հայտարարությունները տանում է մինչեւ Բալբայ, Հաբերալ, Շեներ ու Շըք, հասցնում է միչեւ բանակային գեներալ Բաշբուղին ձերբակալելու դեմ առարկության, սակայն կրկին, բնականաբար, այս ամենի մեղավորը համարվում է կառավարությունը։

***

Այդ ժամանակ մարդ հասկանում է, որ այս պատերազմը վարողները, իշխանական այս խաղը խաղացողները մինչեւ որոշակի մի կետ հաջողության են հասել, ու եթե հաջողության էլ չեն հասել, ապա գնում են դեպի իրենց նպատակակետը։ Ի վերջո, սա իշխանական պատերազմ է, իսկ իշխանության համար պատերազմը մշտապես անցնում է ավելի ժողովրդավարական մոտեցում ունեցողների ու նրանց խանգարել ցանկացողների միջեւ։

Այսօր էլ նույն պլանով, նույն հասկացողությամբ ու նույն կերպ է ընթանում։ Այլ ճար չկա, քան ասել, որ դա տխուր է, բայց բնական, քանի որ քաղաքականությունը շարունակաբար փոփոխվող դաշինքներ կառուցելու արվեստ է ու կարողություն։ Այսօր դատական ճյուղն ու «ուրիշները» միացել են ու անում  են ամեն ինչ, որպեսզի 1990-ականներից ի վեր պահպանվի այն Թուրքիան, որի ամեն մի թիզ հողում թարմ դիակներ են թաքցված։ Այսինքն, հնարավոր չէ հասնել ավելիին, քան էժան գնահատականների, թե «կառավարությունը վերահսկում է դատական համակարգը»։ Այստեղ մի մեխանիզմ է, որ հարված հարվածի հետեւից իջեցնում է կառավարության գլխին։

***

Այդժամ պետք է նստել ու մտածել, թե եթե մեզ անհանգստացնում է այս ճահիճը, որտեղ գտնվում ենք, ապա անհրաժե՞շտ է, արդյոք, տեսնել իրականությունը, ճիշտ որոշում ընդունել, ստեղծել ուժային նոր հաշվեկշիռ։

Հենց դա չի արվում։ Երկրի ընդդիմությունն էլ չգիտի, թե ինչ է ասում։ Երկրի ժողովրդավարական ուժերը, որոնք մտքերը թարմացնելու ճկունությունից զուրկ են, չեն տեսնում իրականությունը, մեծ պատկերը չեն տեսնում ու ըստ իս՝ լիովին սխալ թիրախ ընտրած՝ վերցրել են այն թնդանոթային կրակի տակ՝ վատնելով ուժերը։ Ավելի պարզ ասեմ. եթե նպատակը ժողովրդավարացումն է, հիմնարար իրավունքների վրա հիմնված, օրենքի իրական գերակայություն ունեցող երկիր կառուցելն է, ապա այդ ժամանակ այդ համազարկ անողները պետք է մի պահ կանգ առնեն ու կրկին մտածեն, թե ինչ են անում։

Անհրաժեշտ է, այլապես մարդ առանց հասկանալու կարող է դառնալ նույն գործողության մի մասնիկը։ Հատկապես, եթե «բակում բռնոցի խաղացող երեխաներ» հիմար արտահայտությունը քննարկվում է ու այս անհասկանալի վճռից հետո օգտագործվում որպես արդարացման պատրվակ։

***

Դինքի հարցով դատավարությանը ցուցաբերված արձագանքը ոգեւորիչ է։ Այս արձագանքը հասարակության ցույց տված ըմբոստությունն է 20 տարի տեւած անօրինության դեմ։ Սա պետք է լավ հասկանալ։ Թե ինձ հարցնեք, ապա կառավարությունը, որը ինքն էլ է շատ քննադատելի միջոցառումներ հանձն առել, այս անգամ ճիշտ ու անհրաժեշտ քայլն արեց։ Այսինքն՝ իրադրության ուղղությունը փոխվեց, այժմ որոշումներով հասարակության խիղճը վիրավորող ու իր սխալը չընդունող դատական համակարգի հետ բախվող վարչակարգ կա։ Լուծումն այստեղից է գալու։ Սա վերին աստիճանի կարեւոր մի շրջադարձային կետ է ու պետք է ուշադիր լինել։

Տեսնենք, թե ո՞վ կկարողանա օգտագործել Դինքի ընձեռած հնարավորությունը՝ այս ոսկե հնարավորությունը։

ՀԱՍԱՆ ԲՅՈՒԼԵՆԹ ՔԱՀՐԱՄԱՆ

Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս, «Սաբահ»
օրաթերթի մեկնաբան

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829