«Տանել չեմ կարողանում, երբ աղջիկը խոսում է տղայի հետ, միաժամանակ ծամոն ծամում»,-ասում է 25-ամյա Սևակը: Երիտասարդի խոսքով՝ նման աղջիկների նկատմամբ չի կարողանում լուրջ վերաբերմունք և հարգանք ցուցաբերել:
Սակայն մի կողմ դնելով ծամելու «կուլտուրային» վերաբերող հարցերը, ներկայացնենք, թե ինչ ազդեցություն է գործում ծամոնը օրգանիզմի վրա: Դիետոլոգ Նինա Այվազյանի խոսքով՝ շատ աղջիկներ ծամոն են ծամում, որպեսզի հաց չուտեն: Մինչդեռ նրանք մոռանում են մի կարևոր խնդրի մասին. «Սոված ժամանակ չի կարելի ծամոն ծամել, քանի որ ծամելը նպաստում է մարսողական ֆերմենտների առաջացմանը և սկսվում է մարսողական գործընթացը: Իսկ եթե ստամոքսը դատարկ է, մարդը ոչինչ չի կերել, ապա ստամոքսահյութը ազդում է ստամոքսի պատերին, որի արդյունքում կարող է առաջանալ խոց և ստամոքսի այլ հիվանդություններ»: Դիետոլոգի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր նաև ծամոնը կուլ տալու սովորություն ունեն, այնինչ կուլ տված ծամոնը մնում է աղիների մեջ և որովայնում սուր ցավերի առաջացման պատճառ դառնում:
«Երկար ժամանակ, հատկապես գունավոր ծամոն ծամելը քայքայում է ատամները, քանի որ դրանց մեջ պարունակվում են քիմիական հավելումներ, որոնք էլ նպաստում են ատամների քայքայմանը: Ծամոնը պետք է ծամել ուտելուց հետո և 15 րոպեից ոչ ավելի»,-ասում է ատամնաբույժ Արթուր Թերջանյանը: Ատամնաբույժի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ունեն շարժվող ատամներ, հիվանդ լնդեր, պետք է հրաժարվեն ծամոնից, նաև խորհուրդ է տալիս ծամել շաքար չպարունակող, սպիտակ ծամոն:
Պարզելու նպատակով, թե մեր քաղաքացիները հետևում են արդյոք վերոնշյալ խորհուրդներին, անցկացրինք փոքրիկ հարցախույզ: «Գրեթե ողջ օրվա ընթացքում ծամոնը բերանումս է, ես ոչ թե անընդհատ ծամում եմ, այլ կարծես կախվածություն ունեմ, որ ծամոնը անընդհատ բերանումս պահեմ »,-ասում է 20-ամյա Նարեն: Իսկ 24-ամյա Նարեկը ծամոն ծամում է ոչ թե այն բանի համար, որ սիրում է, այլ ստիպված է. «Քանի որ անտարբեր չեմ ծխախոտի նկատմամբ, ուստի ծխելուց հետո ամպայման ծամոն եմ ծամում»,-ասում է նա: Խոսելով 18-ամյա Աստղիկի հետ` պարզեցինք, որ նա ծամոն ծամում է, երբ միտքն ընկնի, թեև լավ գիտակցում է, որ ոչ միշտ է կարելի: «Ես գիտեմ, որ սոված ժամանակ չի կարելի ծամել, բայց միայն ընկերներիս եմ այդ մասին խորհուրդ տալիս, իսկ ես չեմ հետևում, ծամում եմ, երբ միտքս ընկնում է»,-ասում է նա:
Կարելի՞ է արդյոք երեխաներին ծամոն ծամել: Այս հարցի պատասխանը պարզեցինք մանկաբույժ Արևիկ Դանդանյանից. «Երեխային ծամոն ծամել կարելի է թույլ տալ 4 տարեկանից հետո: Ծնողները պետք է ամպայման զգուշացնեն, որ երեխան հետևի մաքրությանը, հաճախ երեխաները փուչիկ են անում, ծամոնի հետ խաղում, ապա նորից բերանը դնում, դա կարող է բազում հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ»: Տիկին Դանդանյանի խոսքով՝ ծամոնը ունի նաև դրական ազդեցություն: «Ծամելը լավացնում է գլխի և վզի շրջանի արյան մատակարարումը»,-ասում է նա:
Սակայն գաղտնիք չէ նաև, որ ծամոնը նպաստում է կնճիռների առաջացմանը: «Ծամելու ժամանակ դեմքի մկանները ծայրահեղ լարվածության մեջ են գտնվում, ինչը և հանգեցնում է մաշկային մակերևույթի ծակոտկեն թաղանթի քայքայմանը: Ադյունքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը և բերանի շուրջը սկսում են հայտնվել գծեր և ծալքեր»,-պարզաբանում է մաշկաբան Նարինե Սարգսյանը:
Անի Ենոքյան
Հ.Գ. Ֆինլանդիայում հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է 5000 տարեկան խեժի կտոր, որը հնադարյան մարդիկ օգտագործել են որպես ծամոն: