Լրահոս
Օրվա լրահոսը

Նա ռազմական գործերի նախկին ժողկոմն էր

Փետրվար 18,2012 13:25

Փետրվարի 19-ին լրանում է հայ ժողովրդի արժանի զավակ Հայկ Բժշկյանցի (Գայի) ծննդյան 125-ամյակը: Այդ կապակցությամբ «Առավոտը» զրուցել է լեգենդար հերոսի զարմիկի, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Օհանյանի հետ:

– Ինչպես կբնութագրեք Հայկ Բժշկյանցին:

– Հայ ազգին նվիրված ու արդարության համար մարտնչող հերոսը դաժանորեն կյանքից զրկվեց 50 տարեկանում՝ Ի. Ստալինի կամակատարների ձեռքերով: Նրանք Գային անվանեցին «ժողովրդի թշնամի»՝ նրան ներկայացնելով կեղծ մեղադրանքներ: Այդ պատճառով մոտ 20 տարի նրա անունը մատնվեց մոռացության եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում: Միայն Ստալինի մահվանից հետո Գայի անունը վերադարձվեց հայ ժողովրդին ու պատմությանը:

Հայկ Բժշկյանցը հայտնի դարձավ դեռ 1915թ., երբ կռվում էր ռուս-թուրքական ճակատում, 6-րդ հայկական կամավորական դրուժինայի կազմում: Նրա սխրանքների մասին 1915 թվականի սկզբին գրեց Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթը՝ իր «Հայազգի հերոսներից մեկը» հոդվածում, ուր ասվում էր, թե ինչպես Բժշկյանցը, փոխարինելով սպանված հրամանատարին, գլխավորեց 6-րդ դրուժինան եւ թեժ մարտերի ընթացքում ջախջախեց թուրքերի եւ քրդերի մեծ զորախումբը: Հայ քաջերը գրավեցին 3 գյուղ, ստիպելով թշնամուն նահանջել մոտ 35 վերստ, մարտի դաշտերում թողնելով 600-ից ավելի սպանված զինվոր եւ 3 սպա: Այդ փայլուն հաղթանակից հետո կորպուսի հրամանատարը՝ ռուս գեներալը, Բժշկյանցին պարգեւատրեց սբ. Գեւորգ շքանշանով եւ մեդալով: Այդ պահից սկսած՝ հայ քաջի անունը հայտնի դարձավ ողջ Կովկասյան ճակատում:

– Այսօրվա սերունդը քիչ բան գիտի Հայաստանի նախկին ռազմական գործերի ժողովրդական կոմիսարի մասին: Տեսնում է միայն Նոր Նորքի Գայի պողոտայի Գայի արձանը եւ ուրիշ ոչինչ:

– Հայկ Բժշկյանցի մյուս փառավոր ռազմական էջը նրա մասնակցությունն էր Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, ուր ի հայտ եկավ նրա զորավարական տաղանդը: Դառնալով «Երկաթյա» 24-րդ դիվիզիայի հրամանատար՝ նա ազատագրեց քաղաքներ Սիմբիրսկը (Վ. Լենինի ծննդավայրը) եւ Սամարան ու այդ մասին ուղարկեց պատմական հեռագիր վիրավոր Լենինի հասցեին:

Քաղաքացիական պատերազմից հետո Գայը ուղարկվում է Հայաստան, ինչը միշտ եղել է նրա երազանքը՝ ծառայել հայ ազգին ու հայրենիքին: Հայկ Բժշկյանցը 1922-23թթ. Հայաստանում աշխատել է որպես հանրապետության ռազմական գործերի ժողովրդական կոմիսար: Նա շատ բան արեց հրամանատարների միացյալ զինվորական դպրոցի, ինչպես նաեւ լեռնահրաձգային դիվիզիայի ստեղծման գործում, ինչը հիմք եղավ այն հայկական դիվիզիաների, որոնք փայլուն կռվեցին Հայրենական մեծ պատերազմում:

– Գայը 1927թ. ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1929թ. պաշտպանել թեկնածուական դիսերտացիան: Նա երբեւէ դասավանդե՞լ է:

– Այո, նա դասավանդել է ռազմաօդային ակադեմիայում՝ լինելով նաեւ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր: Հայկ Բժշկյանցի անվան վերադարձումից հետո Հայաստանում 1967 թվականին մեծ հանդիսությամբ նշվեց նրա ծննդյան 80-ամյակը: Հանդիսավոր երեկոյին ներկա էր նաեւ Գայի դուստր Թամարը, որը ժամանել էր Ռիգայից: Գայի անունը հավերժացնելու համար հանրապետության Մինիստրների խորհուրդը ընդունեց մի շարք որոշումներ: Այդ թվում՝ կանգնեցնել արձան Գային, նրա անունով կոչել փողոցներ, դպրոցներ (թիվ 129՝ Երեւանում), ինչպես նաեւ Երեւանում Սպայի տունը: Իսկ Ալավերդյան 37 շենքի վրա, ուր Գայը աշխատել է որպես ժողկոմ, տեղադրել հուշատախտակ:

Գայի կերպարը հավերժացրին նաեւ հայ կինոգործիչները՝ ստեղծելով «Մահկանացուդ կնքիր թամբին» կինոնկարը (1976թ.): Իսկ Գայի թուրը, որ նա Հայաստանից մեկնելիս նվիրել էր ռազմական դպրոցին, այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Ես, որպես Հայկ Բժշկյանցի զարմիկ, հպարտ եմ, որ հայ ժողովուրդը ծնել է այնպիսի տաղանդավոր զորավար ու քաջարի զինվոր: Համոզված եմ, որ նրա քաջ ոգին ներկա է ամեն մի հայ զինվորի մեջ: Որ դա այդպես է, նրանք ապացուցեցին Արցախյան պատերազմում:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829