ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանի համար պաշտպանը մեղմ պատիժ է պահանջում:
64-ամյա Հենրիկ Հակոբյանը այժմ մեղադրվում է խարդախությամբ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ:
Լոռու մարզի դատախազի տեղակալ, մեղադրող Մովսես Մովսիսյանը դատական վիճաբանությունների փուլի սկզբում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը փոփոխելու որոշում է կայացրել, քանի որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հաստատվել Հենրիկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը:
Կարդացեք նաև
«Պարզվեց, որ Հենրիկ Հակոբյանը, աշխատանքային պայմանագրի համաձայն, որեւէ իրավունք կամ պարտականություն չի ունեցել մասնակցելու հիշյալ մասնաճյուղի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների գործընթացին, ընդգրկված չի եղել դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացի կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովի կազմում»,- հայտարարեց մեղադրող դատախազը:
Դատարան հրավիրված վկաների ցուցմունքներից եւ ձեռք բերված ապացույցներից պարզվել է նաեւ, որ Հենրիկ Հակոբյանը վերոնշյալ հանձնաժողովների կազմում ընդգրկված անձանցից որեւէ մեկի նկատմամբ վերադաս չի հանդիսացել, վերջիններս էլ նրանից ծառայական, անձնական այլ կախվածություն չեն ունեցել:
Հետեւաբար, ըստ մեղադրողի, Հենրիկ Հակոբյանը որեւէ կերպ չէր կարող նպաստել Սարգիս Դիլբարյանի ընդունելությանը, առավել եւս հետագայում հովանավորչություն դրսեւորեր նրա նկատմամբ:
Համաձայն նոր մեղադրանքի՝ Հենրիկ Հակոբյանն իր աշխատասենյակում խարդախությամբ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել է խոշոր չափի՝ 562.305 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար:
Մեղադրողը դատարանից պահանջեց Հենրիկ Հակոբյանին մեղավոր ճանաչել վերոնշյալ արարքի համար եւ նրան ազատազրկման դատապարտել երկուսուկես տարի ժամանակով:
Հենրիկ Հակոբյանն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված նոր մեղադրանքում:
Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը եւս համաձայն է առաջադրված նոր մեղադրանքի հետ, քանի որ դեռ նախաքննության փուլում պաշտպանական կողմը համաձայն չէր նախկին որակման հետ եւ արարքի վերաորակում էր պահանջում: Փաստաբանը, սակայն, դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել մեղմ պատիժ՝ ազատել նրան պատժի կրումից՝ կիրառելով տուգանք, հակառակ դեպքում նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով որոշակի ժամկետով փորձաշրջան, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել դատարանի դահլիճից:
«Նախաքննական մարմնի կողմից արգելված են եղել մեղադրյալի հեռախոսաին խոսակցությունները, շփումը հարազատ-բարեկամների հետ: Հետեւաբար՝ Հենրիկ Հակոբյանը կալանավորման շուրջ 5 ամիսների ընթացքում կրել է ֆիզիկական ու հոգեբանական զրկանքներ, ուստի արդեն իսկ հատուցել է իր կատարած արարքի համար»,- ասում է փաստաբանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ