Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ներքեւում սրբեր են, ապա կընտրեն սրբերին»

Փետրվար 18,2012 13:11

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ընտրությունների տրամաբանությունը բացատրում է փիլիսոփայորեն

– Նախընտրական շրջանում բոլորի ուշադրությունը սեւեռված է այն բանին, թե որ կուսակցությունը ինչ ցուցակ է կազմելու, ում հետ եւ ինչպես է գնալու ընտրությունների. այս բոլոր հարցերն առայժմ ենթադրությունների մակարդակի են, ինչպես նաեւ ենթադրելի է, որ կուսակցությունների համագումարներում կտրվեն այս բոլոր հարցերի պատասխանները: Ինչպե՞ս է լինելու ՀՀԿ-ի պարագայում, դուք համագումարի ժամանակ կհրապարակե՞ք եւ ծրագիրը, եւ ցուցակը:

– ՀՀԿ-ի հերթական՝ 13-րդ համագումարն է: Գիտեք, համագումարը քննարկում է կազմակերպչական խնդիրներ, ստրատեգիան առաջիկա երկու տարիների համար, ընտրվում է գործադիր մարմին, նախագահ, եւ ձեւավորվում է խորհուրդը: Բնականաբար, համագումարը այսքան ուշադրության կենտրոնում է, որովհետեւ այն տեղի է ունենալու խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Մենք պատրաստվում ենք համագումարին եւ պատշաճ ձեւով կներկայանանք հասարակությանը՝ մեր ծրագրերով, մեր անելիքով, մեր անձերով: Հատկապես այս ժամանակահատվածում ամեն մի անձ միկրոսկոպի տակ է դիտարկվում, բնականաբար՝ նաեւ ծրագրերը, բայց, ի վերջո, այդ ծրագրերը իրականացնելու համար կարեւորվում են նաեւ անձերը, այն, թե ովքեր են այդ ծրագրերը ներկայացնելու եւ ինչ իմիջ ունեն: Իսկ մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս հարցերին:

– Կլինե՞ն կուսակցության համամասնական ցուցակում անձինք, որոնց անունները շատ անսպասելի կթվան:

– Ցուցակը դեռ հայտնի չէ, քննարկման փուլում է: Եվ նախընտրական ցուցակն ու համագումարը կհամատեղենք, եւ պաշտոնապես ամեն ինչ կասվի. ճիշտը պաշտոնապես խոսելն է, որովհետեւ եթե դրանից շուտ մի-երկու անուն ասում ես, ամեն ինչ խառնվում է իրար:

– Այս պահին շատ հետաքրքիր, անգամ ջերմ ու բարյացակամ հարաբերություններ են նկատվում Հանրապետականի եւ ԲՀԿ-ի միջեւ, եւ, ըստ ամենայնի, այն, ինչ մինչ այդ տեղի էր ունենում, իր մեջ քաղաքական առեւտրի որոշակի էլեմենտներ էր պարունակում: Կարծես հարցերը պարզված են, եւ համերաշխ գնում եք ընտրությունների, կարելի՞ է նման բան ենթադրել:

– Այո, կոալիցիոն վերջին հանդիպումը եւ վերջին հաղորդագրությունը այն մասին է, որ մենք ընտրությունների ենք գնալու առանձին ցուցակներով եւ ընտրություններին մասնակցելու ենք քաղաքակիրթ ձեւով: Քանի որ ընտրություն է, ապա մինչեւ վերջին տոկոսը չի կարող կանխատեսելի լինել, եւ կարող են ծագել որոշ տարաձայնություններ, բայց հիմնականում կոալիցիան պայմանավորվել է ընտրությունների գնալ քաղաքակիրթ ձեւով:

– Վերջին շրջանում քաղաքական դաշտի թեմաներից մեկը դարձավ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելու թեման: Այս անդամակցությունը, կարծում եմ, անսպասելի չէր եւ վաղուց էր նման թեմա շոշափվում: Կա երկու տեսակետ՝ Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչին ինքս չեմ հավատում, եւ երկրորդ՝ քանի որ ԲՀԿ-ի ներսում քաղաքական հայտնի դեմքերը քիչ են, ավելի շատ են օլիգարխիկ եւ բիզնես-դեմքերը, կարծես թե Օսկանյանի անդամակցությամբ ԲՀԿ-ն փորձում է դառնալ քաղաքական եւ անգամ՝ աշխարհաքաղաքական: Ձեր կարծիքը այս ամենի մասին:

– Եկեք պարզ խոսենք, այ, Դուք ասում եք՝ կապ ունի Քոչարյանի հետ, թե չունի: Քոչարյանի հետ նույնիսկ ես կապ ունեմ, ուր մնաց՝ Օսկանյանը չունենա: Որովհետեւ մենք տասը տարի համագործակցել ենք, Քոչարյանը եղել է նախագահ, Օսկանյանը՝ արտգործնախարար, մենք՝ Հանրապետական կուսակցություն: Քանի որ Օսկանյանը տիրապետում է բավականին գիտելիքների, դիվանագետ է, արտաքին կապեր, ներքին կապեր, բնականաբար՝ հայտնվել է քաղաքականության մեջ եւ ընտրել է ԲՀԿ-ն: Ես սրանում արտառոց բան չեմ տեսնում, կարծիքս այն է, որ ամեն քաղաքական գործիչ էլ կարող է հայտնվել այս կամ այն կուսակցությունում, ես պարզապես մի քիչ բացասական եմ գնահատում այն գործիչներին, որ կարող են մի քանի կուսակցություն փոխել: Բայց Օսկանյանը որեւէ կուսակցության անդամ չի եղել, առաջին անգամ է դառնում: Իր խնդիրն է եւ ԲՀԿ-ի խնդիրն է:

– Քանի որ երկար տարիներ եմ լուսաբանում քաղաքական ուժերին, նկատել եմ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ ավելի շահեկան վիճակում են լինում, քանի որ քննադատում են, հայհոյում, փնովում, սխալները ներկայացնում, որովհետեւ մարդիկ մշտապես, բոլոր ժամանակներում իշխանություններից դժգոհ են: Հանրապետականը, որ տարիներ շարունակ իշխանություն է, ի՞նչ է ասելու ընտրողներին, ինչպե՞ս է ներկայանալու, գաղտնիք չէ, որ ավելի լսելի է միշտ այն մարդը, ով ընդդեմ է խոսում, քան նա, ով ասում է, թե այս չեմ հասցրել անել, այն դեռ կանեմ եւ այլն: Հիմա դուք ինչպե՞ս եք կառուցելու քարոզարշավը:

– Դուք ճիշտ եք նկատել, նախընտրական շրջանում ընդդիմությունը շահեկան վիճակում է հայտնվում, որովհետեւ իրավունք ունի քննադատելու իշխանությունների արածն ու չարածը: Հանրապետականը այս անգամ, ի տարբերություն անցյալ տասնամյակի, ունի տարբերություններ. մենք էլ ենք քննադատում, ինքներս մեզ ենք քննադատում: Մենք վերցրինք բարեփոխումների փաթեթը եւ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում ենք այն բոլոր ոլորտներում: Հիշեք, Ազատության հրապարակի տրամադրումը, հիմա ինչքան ուզում են՝ միտինգ անեն, արգելքներ չկան, մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվածների ազատ արձակումը, տնտեսության ոլորտում որոշ փոփոխությունները եւ այլն, եւ դրանք դեռ շարունակվելու են: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը լավ ապրի: Մենք ինքներս ենք ուզում գնալ բարեփոխումների եւ ձգտում ենք հասնել եվրոպական չափանիշների, որ մարդը մեր երկրում սոցիալական խնդիրների սուր կարիք չունենա: Գնում է բարեփոխումների լայնածավալ գործընթաց, դա շարունակական է եւ ավելի մեծ թափ կստանա ընտրություններից հետո: Մի մոռացեք, որ մենք պահպանողական կուսակցություն ենք, իսկ պահպանողականը երբ տեսնում է, որ երկրին եւ ժողովրդին որոշակի վտանգ է սպառնում, ամեն ինչ անում է՝ հասնելու համար պետության կայունությանը եւ պատրաստ է գնալ նաեւ զիջումների՝ հանուն պետության կայունության պահպանման: Մենք այսօր համագործակցում ենք ԵՄ կառույցների հետ, ՌԴ-ի հետ, Արեւմուտքի հետ, բոլորի հետ, քանի որ մենք ձգտում ենք նրան, որ Հայաստանը արագ տնտեսական զարգացում ունենա: Առաջին հերթին մենք գնում ենք մեր հասարակության համար ազատությունների իրականացմանը, եւ դա է պատճառը, որ ընդդիմությունն էլ է զարմացած, որ Հանրապետականն այսքան տարի գնում էր կոշտ գծով, իսկ հիմա գնում է փոխզիջումների: Մենք մեզ վրա կրում ենք պատասխանատվություն մեր պետության, մեր երկրի եւ ժողովրդի համար եւ գնում ենք առաջ:

– Մինչդեռ ընդդիմությունը կարծես չի զարմանում, ասում է՝ դուք լավ չեք անում, մենք գանք իշխանության, մենք անենք:

– Խնդրեմ, թող գան իշխանության, դրա համար քաղաքակիրթ ձեւ կա՝ ներկայացնում ես քո ծրագրերը, թիմը, մասնակցում ես ընտրությունների, եւ հասարակությունը որոշում է՝ ընդունել քեզ, թե ոչ: Չգիտես ինչու, ոմանց թվում է, թե հասարակությանը կարող ես խաբել, եւ նա քեզ կընտրի, այդպես չի լինում: Կա ներքին պահանջարկ, եւ հասարակությունը ընտրում է նրան, ում պահանջարկը կա: Հասարակությունը իր վիճակից ելնելով է ընտրում. եթե ներքեւում սրբեր են, ապա վերեւում էլ են սրբեր, եթե ներքեւում սատանաներ են, ապա վերեւում էլ սատանաներ կլինեն: Սա փիլիսոփայական կոնցեպտ է եւ աշխատում է ամբողջ աշխարհում: Այնպես որ՝ ով ընտրելու բան չի, նրան չեն ընտրի:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829