Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանյան Դաշնակցությունը «խրտվիլա՞կ է»

Փետրվար 18,2012 13:08

Եթե Օսկանյանն անդամագրվեր ՀՀԿ-ին կամ ՀԱԿ-ին՝ կծիծաղեինք, ՀՅԴ-ին՝ կլացեինք, բայց ԲՀԿ-ին անդամագրման պարագայում Տիգրան Խզմալյանը որեւէ էմոցիայի առիթ չի տեսնում:

Հայաստանի երրորդ հանրապետությունում կուսակցական կյանքն այնքան «խղճուկ, արհեստական եւ մակերեսային է», որ «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը խորաթափանց վերլուծությունների առիթ չի տեսնում նրանում, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդամագրվել է ԲՀԿ-ին եւ ընդգրկվելու է այդ կուսակցության համամասնական ցուցակում: «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նաեւ նկատեց. «Ոչ մի իրական կուսակցություն չկա: Անգամ Դաշնակցությունը իրականում գտնվում է արտասահմանում, այստեղ գտնվող Դաշնակցությունը ավելի շատ ինչ-որ տանիք է, խրտվիլակ: Մնացած կուսակցությունները որեւէ գաղափարախոսություն, դերակատարում չունեն՝ այն պարզ պատճառով, որ չեն ներկայացնում հասարակության որեւէ շերտ: Կարելի է, իհարկե, ասել, որ սպասարկում են վաճառականների կամ մի քանի «գերարիստոկրատների» շահը, բայց դա յուրօրինակություն չէ: Բոլորն էլ դա են սպասարկում եւ կռիվ են տալիս կերակրատաշտակի կողքը մի տեղ բացելու համար: Այնպես որ՝ ժողովրդի համար, իրական կյանքի համար Օսկանյանը կամ Սոսկանյանը, կամ էլ՝ Ոսկանյանը կլինի՞, թե՞ չի լինի՝ որեւէ առնչություն մեր իրական խնդիրների հետ՝ արտագաղթ, գնաճ, անվտանգություն, մարդկային երջանկություն, չունի»: Ամեն դեպքում, եթե անգամ ինչ-որ գործընթաց կա Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելու մեջ, Տիգրան Խզմալյանը նկատում է. «Մարդը ուղղակի բացահայտեց այն, ինչը առանց բացահայտելու էլ բոլորին պարզ էր: Բոլորին պարզ էր, որ երկրորդ նախագահը չստեղծեց կուսակցություն, այլ փորձեց օգտվել իր դրածոներից մեկի ստեղծածով եւ իր դրածոյին տեղադրեց իր տեղը»: Մեր զրուցակիցը նաեւ կարծում է՝ որքան էլ խոսենք Հայաստանում արժանապատվության ճգնաժամի մասին, այնուհանդերձ, ժողովուրդը չէր հանդուրժի «հանցագործ ռեժիմի երկրորդ պարագլխի (Ռոբերտ Քոչարյանի.- Ն. Գ.)»՝ բացեիբաց քաղաքականություն մտնելը: «Նա ընդամենը փորձում է քողարկվել մեկի, ապա՝ մյուսի ետեւում: Որեւէ սենսացիոն բան չի եղել: Պարզ է, որ Օսկանյանը Քոչարյանի մարդն էր, Քոչարյանին հարող կուսակցության մեջ էլ պետք է լիներ: Այ, եթե նա մտներ ՀԱԿ, մենք գոնե կծիծաղեինք, մտներ ՀՀԿ՝ նորից կծիծաղեինք, մտներ Դաշնակցություն՝ արդեն կլացեինք: ԲՀԿ մտնելն անգամ ծիծաղի առիթ էլ չի տալիս»:

Հետաքրքրվեցինք՝ Խզմալյանը գործնականում հնարավոր համարո՞ւմ է Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: Մեր զրուցակիցը նկատեց. «Նա քաղաքականությունից չի հեռացել, որովհետեւ նրա մոտ են այն միլիարդները, որոնք Քոչարյանն իր հետ տարել է քաղաքականությունից եւ կոնվերտացրել տնտեսության մեջ, լցրել իր իսկ գրպանը: Երբ վերադարձնենք այդ գումարները՝ երաշխիք կունենանք, որ Քոչարյանը քաղաքականություն չի վերադառնա կամ կվերադառնա ապաշխարելուց հետո, եթե մեր ժողովուրդը նրան ների, ինչին ես չեմ հավատում: Իսկ ընդհանրապես, Քոչարյանը փորձում է քաղաքականության մեջ մնալ այն ոճով, որով սովորել է աշխատել դեռ իր կուսակցական տարիներին՝ ստորգետնյա, ստորջրյա եւ մնացյալ բառերով, որոնք կարելի է ավելացնել «ստոր» արմատին»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե քաղաքական զարգացումների տրամաբանությունն ի՞նչ է հուշում՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կընթանան բախումներո՞վ, թե՞ «քաղաքակիրթ պայմանավորվածություններով»: Մեր զրուցակցի կարծիքով՝ առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Համենայնդեպս, մայիսին հայտարարված «ցուցքը կամ շոուն» նա ընտրություն չի համարում. «Առանց խոսքի եւ հավաքների ազատության ընտրության մասին խոսք լինել չի կարող: Սա բեմադրություն է, որին, ցավոք, մասնակցում են եւ մարդիկ, ովքեր իրենց հռչակում են ընդդիմադիր»: Իսկ սպասվելիք «չընտրություններից» հետո Խզմալյանը ակնկալում է լուրջ լարվածություն, որովհետեւ, իր կարծիքով, ժողովուրդն արդեն կանգնել է «փոցխի վրա, եւ երկար ծայրն արդեն մոտենում է ճակատին»: Նրա կարծիքով՝ անտարբեր եւ զզված մեծամասնությունն այդ ժամանակ իր մաշկի վրա կզգա այն ցավը, ինչը այս պահին իրենց վրա են կրում Մաշտոցի այգում երիտասարդները, ովքեր պաշտպանում են մեր արժանապատվությունը, թթվածինը եւ կանաչ տարածքները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829