Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չխանգարեն…

Փետրվար 18,2012 12:56

Կան հասարակական շարժումներ, որոնց հիմքում առողջ, մաքուր գաղափարներ են դրված, եւ նման շարժումները, անկախ իրենց ուղղվածությունից, մարդկանց մեջ հարգանք են առաջացնում: Երիտասարդ բնապահպանների գործողությունները դրանց շարքից են: Հաջողության գրավականն, իհարկե, նախեւառաջ քաղաքականությունից, այսինքն՝ իշխանության համար պայքարից հեռու մնալն է: Այնուհետեւ՝ այդ երիտասարդների հետեւողականությունը: Ես չգիտեմ, թե որքանով է Մաշտոցի պուրակում բուտիկների կամ սրճարանի կառուցումը օրինական, որովհետեւ թե՛ բնապահպանները եւ թե՛ քաղաքապետարանը դեմ են տալիս մի խուրձ փաստաթղթեր, որոնց իմաստը կարող են հասկանալ միայն իրավաբանները: Ես գիտեմ ուրիշ երկու բան. 1/ Երեւանի կենտրոնում ոչ բուտիկների, ոչ էլ սրճարանների պակաս չի զգացվում, 2/ եվրոպական քաղաքների կենտրոնում շինարարությունն արգելված է: Եթե 10-15 տարի առաջ նման երիտասարդական խմբեր լինեին, ապա ենթադրում եմ, որ Օպերայի շրջակայքը եւ Օղակաձեւ զբոսայգին չէին «պատվի» սրճարաններով՝ կանաչ գոտու հաշվին: Բայց լավ է ուշ, քան երբեք. hասարակությունը պետք է աջակցի նման շարժումները: Բայց աջակցի, իմ կարծիքով, մինչեւ այն պահը, երբ այդ երիտասարդներից որեւէ մեկը ցանկանա պատգամավոր դառնալ, միանա որեւէ կուսակցության կամ ստեղծի իրենը:

Ափսոսում եմ, որ իր ավելի խորը զարգացումը չգտավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» խումբը: Թեեւ օտարալեզու դպրոցներ զանգվածաբար առայժմ չբացվեցին, բայց այդ խումբը կարող էր որոշակի դերակատարություն ունենալ՝ մեր պետական լեզվի խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձնելու առումով: Թե չէ՝ շուտով երեխաների մեծ մասը «ձ»-ի փոխարեն գրելու է «դզ», քանի որ ինտերնետում շփվում է «տրանսլիտով»՝ լատինատառ, եւ սովոր է ստեղնաշարի վրա տվյալ հնչյունն արտահայտել այդ նշաններով: Մեր երեխաները մոտ ապագայում համոզված կլինեն նաեւ, որ մարդիկ իրար հետ պետք է շփվեն սերիալների «մաֆիոզիների» լեզվով, որովհետեւ այլ լեզու եւ հետեւաբար՝ այլ մտածողություն, այլ հոգեբանություն ընդհանրապես գոյություն չունի: Գուցե ոմանց այդ խնդիրները երկրորդական թվան, բայց ես վստահ եմ՝ եթե մենք մաս չկազմենք ժամանակակից քաղաքակրթությանը՝ մեր լեզվով ու մշակույթով (այդ բառի լայն իմաստով), ապա շուտով ոչ մի բանով չենք տարբերվի Գլենդեյլում նարդի խաղացող եւ խորոված սարքող նախկին հայաստանցիներից, եւ այդ դեպքում մեր երեխաների եւ թոռների համար որեւէ նշանակություն չի ունենա՝ մենք ապրում ենք այստեղ՝ Հայաստանում, թե նույն Գլենդեյլի ֆաներային տնակներում՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի սոցիալական վիճակն այստեղ եւ այնտեղ:

Կարող  է որոշ հեռանկարներ ունենալ «ընդդեմ ընտրակաշառքի» շարժումը՝ որպես շարժում, որն ուղղված է մարդկանց մեջ քաղաքացու արժանապատվությունն արթնացնելուն: Սակայն դա կաշխատի միայն այն դեպքում, եթե քաղաքական, իշխանական հավակնություններ ունեցող որեւէ ուժ իր շահագրգռված քիթը չխոթի այս շարժման մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829