Այսօր՝ փետրվարի 18-ին, գիշերը ժամը 02.00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվում, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ Սահմանապահների փողոցի 7-րդ տանը, ոմն Միսակին պատկանող տնտեսությունում տղամարդու դիակ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերում է մահացած վիճակում տղամարդու դիակ՝ որովայնի հատվածում ծակած–կտրած վերքերով։ Սպանվածը 48-ամյա Սամվել Բաղյանն էր։
Սպանության վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «լավա Մասիսի ոստիկանները մի քանի ժամում բռնեցին «Մատերը կտրած Իվետին», իսկ տան մեջ գտան արյունոտ մի եքա դանակ»։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Մասիսի ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 46-ամյա Իվետա Սարգսյանին, ով Մասիսում ավելի շատ հայտնի է «Մատերը կտրած Իվետ» մականվամբ։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ Ի. Սարգսյանը ձերբակալվել է։ Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով։