Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի սերվեր

Փետրվար 18,2012 09:46

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի կողմից (Ա.Կնյազյան, Հ. Ասցատրյան) ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի (ՎԱ) տվյալների շտեմարան, որում գործում են երկնային մարմինների սպեկտրների արտաբերման և աստղագիտական կատալոգների փոխհամադրման ծրագրեր: Շուրջ 4 տարի է, ինչ նշված ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ, որտեղ դեռ 2005թ. սկսվել է Հայկական ՎԱ նախագիծը: Հայկական ՎԱ նույնպես աստղագետների և համակարգչային մասնագետների համագործակցություն է, որի շրջանակներում կառուցվում են համապատասխան միջավայրեր, որտեղ հնարավոր են դառնում աստղագիտական բազմատեսակ տվյալների համատեղ օգտագործումն ու արդյունավետ գիտական հետազոտությունների իրականացումը: 2002 թվից գործում է ՎԱ միջազգային ալյանսը, որը ներկայումս միավորում է 17 երկրների ազգային ՎԱ նախագծեր: Հայկական ՎԱ այդ ալյանսի անդամ է 2005 թվականից:

Հայկական ՎԱ սերվերում այժմ գործում է կատալոգների փոխհամադրման նոր ծրագիր, որն իր աշխատանքի սկզբունքով և ճշգրտությամբ գերազանցում է աշխարհում գործող նմանատիպ այլ ծրագրերը: Դրա հիման վրա արդեն կատարվում են գիտական հետազոտություններ, մասնավորապես Հայկական ՎԱ Բյուրականում գործող գիտական խմբի կողմից: Տվյալների շտեմարանի ճարտարապետությունն այնպիսին է, որ հնարավորություն է ստեղծում դինամիկորեն մեծացնել պահվող տվյալների քանակը` ավելացնելով նոր պատկերներ, որոնք անընդհատ կերպով ստացվում են նորանոր դիտումների արդյունքում: Նաև չկան խիստ սահմանափակումներ ավելացվող տվյալների ծավալների վրա, քանի որ ներդրվել է մեծ ծավալի հիշողության տարր, որը գերարագ կապով միացված է սերվերին` ստեղծելով գրիդ տեխնոլոգիաներին համապատասխան կառուցվածք: Փոխհամադրման ծրագիրը ներդրվել է համացանցային էջում` Հայկական ՎԱ միջավայրում, ինչը թույլ է տալիս աստղագետներին առցանց ռեժիմում կիրառել փոխհամադրման նոր արդյունավետ մոտեցումը:

Հիշեցնենք, որ Հայկական ՎԱ ստեղծվել է Բյուրականյան առաջին սպեկտրային շրջահայության (Մարգարյանի շրջահայության) թվայնացման արդյունքում, որը Հայաստանում թվայնացման նախագծերի մեջ առաջինն էր (2002-2005թթ.): Վերջերս այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում:

Հայկական ՎԱ համացանցային կայք-էջ

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829