Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ճկույթը խնդիր ունի, մնացած ինը մատները պետք է զբաղվեն դրանով

Փետրվար 17,2012 23:35

Մոտ մեկ ամիս առաջ տեղեկացրել ենք, որ «Ազգային համագործակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը նախաձեռնել էր կուսակցությունների հետ հանդիպումներ` «Ազգային համագործակցության ցանց» ստեղծելու գաղափարը քննարկելու համար:

Հերթական հանդիպումը կայացավ այսօր` ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը եկել էին ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, ՍԴՀԿ Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը եւ Արմենական-Ռամկավար կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

Արշակ Սադոյանի կարծիքով մեր օրերում, երբ հնարավոր է օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները համախմբել ամբողջ աշխարհի հայությանը հայանպաստ գաղափարների շուրջ, ոչինչ չի արվում: Նա գտնում էր, որ պետք է մտածել այդ հարցի շուրջ եւ լուծումներ գտնել:

Ե՞րբ էր հայ ազգն ավելի միասնական`Սարդարապատի՞ ժամանակ, անկախության առաջին տարիների՞ն, թե՞ հիմա, երբ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները աննախադեպ զարգացում են ապրել եւ մեծ հնարավորություններ են տալիս: Այս հարցին Վահան Շիրխանյանի պատասխանը միանշանակ է` անշուշտ, այն ժամանակ:

Ըստ պարոն Շիրխանյանի` «Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում: Հայաստանը դատապարտված է լինել միասնական ազգային պետություն, բայց գլոբալացման փիլիսոփայությունն ասում է ո’չ ազգային պետություններին, ազգային գաղափարներին»:

Ըստ պարոն Շիրխանյանի` այսօր Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները բազմաթիվ են` ազգային, ռազմաքաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական, սոցիալական եւ այլն, ու  դրանցից ոչ մեկը չի լուծվել վերջին քսան տարում: Առնվազն տնտեսական եւ սոցիալական խնդիրները լուծելու հարցում Շիրխանյանը ենթադրում է Սփյուռքի օգնությունը.«Եթե մեր ախպար ընկերները ոչ թե կազինոների վրա դնեն իրենց փողերը, այլ դրանց գոնե կեսը, գոնե 10 տոկոսը, 5 տոկոսը, 1 տոկոսը, 0,5 տոկոսը Հայաստան բերեն, շատ բան կփոխվի»:

Հակոբ Ավետիքյանը կարծում էր, որ համախմբումը կազմակերպելու հարցում գլխավոր դեր պիտի ստանձներ Սփյուռքի նախարարությունը, որը, սակայն, հիմնականում ցուցադրական բաներով է զբաղված`շքանշան, ընդունելություններ, լուսանկարների տեղադրում… Այնինչ, դրա փոխարեն հարկավոր է մտածել, թե ինչ է լինելու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վիճակը, օրինակ` եթե Սիրիայում դեպքերի զարգացումն աղետի հանգեցնի, կամ Իսպանիայի եւ Հունաստանի տնտեսական ճգնաժամը էլ ավելի խորանա: Ըստ Հակոբ Ավետիքյանի` «համայն հայությամբ ապրենք զույգ ձեռքի նման, այնպես, որ եթե մի ճկույթը խնդիր ունի, մնացած ինը մատները զբաղվեն դրանով»:

Ինչպես Հակոբ Ավետիքյանը, այնպես էլ Գեղամ Մանուկյանը անբավարար էին համարում Սփյուռքից ստացված տեղեկատվությունը: Պարոն Ավետիքյանը զարմանում է, որ Իրանում կամ Ռուսաստանի տարբեր հայաշատ քաղաքներում չունենք թղթակցական կետեր, իսկ Գեղամ Մանուկյանը հավելեց, որ նույնիսկ Ջավախքից կամ Արցախից կանոնավոր լրատվություն չենք ունենում: Հ.Ավետիքյանը նկատեց, որ Սփյուռքի լրատվամիջոցների տեղեկատվության 70-80%-ը Հայաստանից է, իսկ տեղի խնդիրները քիչ են լուսաբանվում: Ապա հիշեց նաեւ ՀԲԸՄ-ի մասին, որի «պաշտոնաթերթի 90 էջերում նույն մարդու լուսանկարն է»:

Երբ պարոն Սադոյանը համառորեն պահանջում էր « Ազգային համագործակցության ցանցի» մասին մտածել, առաջարկներ անել, թե ինչպես կարելի է այդ ցանցի միջոցով համազգային խնդիրներ լուծել, Վահան Շիրխանյանը նկատեց. «Հայ ժողովուրդը մինչեւ այսօր չի ճշտել, թե դրանք ինչ են, մինչ այսօր մենք չունենք միասնական նպատակ, գաղափարախոսություն: Երբ կունենանք ազգային նպատակ եւ գաղափարախոսություն, որին կենթարկվեն բոլոր կառույցները, կուսակցությունները, պետությունը, այդ ժամանակ կլինի համագործակցություն: Բայց այժմ 70-80 կուսակցություն կա, ամեն մեկն իր ծրագրիրն է անում, դա միայն պառակտում է մեզ: Առաջին հերթին պետք է ընդունել ազգային ծրագիրը, որը Սահմանադրության նման պետք է պարտադիր լինի ամեն մի հայի համար, եւ բոլոր կուսակցությունները պետք է ենթարկվեն դրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829