Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը՝ ՀԱԿ-ի հանրահավաքի եւ ՀԱԿ-ի սրտի, հոգու մաքրության մասին (տեսանյութ)

Փետրվար 17,2012 20:16

Մարտի 1-ին ՀԱԿ-ի հանրահավաքն է, որի ժամանակ նախատեսված է ժողովրդին նորից ոտքի հանել:

Aravot.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մեր հարցին՝ ի՞նչ է սպասվում այդ հանրահավաքին, կկարողանա՞ ՀԱԿ-ը ժողովրդին ոտքի հանել՝ պատասխանեց. «Եթե անկեղծ ցանկություն լինի ժողովրդին ոտքի հանելու , դա միանգամայն հնարավոր է եւ անհրաժեշտ: Բոլոր նախադրյալները կան, որ ՀԱԿ-ը կկարողանա ոտքի կանգնեցնել ժողովրդին: Որեւէ պրոբլեմ գոյություն չունի, բացի ՀԱԿ-ի ղեկավար օղակի այսօրվա հոգեվիճակից: Ի՞նչ հոգեվիճակում է, ի՞նչ նպատակներ ունեն: Եթե նրանք ճիշտ հոգեվիճակում են, օրինակ, ինչպիսին որ կային 2007-ին, 2008-ին՝ ապա միանշանակ կարող են: Ուրիշ բան, թե ինչքանով ճշգրիտ կլինեն նրանց հաշվարկները: Հիմա կարեւոր բանը,  որ ժողովրդին ոտքի կանգնեցնեն կարողանան ու շարժվել»:

Մեր դիտարկմանը, որ ճիշտ է, ՀԱԿ-ում տիրապետում են հռետորական արվեստին, բայց այս անգամ ժողովուրդը կգնա՞ ՀԱԿ-ի հետեւից՝ չիմանալով, թե դրանից հետո ինչ է իրեն սպասվում, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Դա օրինաչափ երեւույթ է, որ դատարկ բանը չի կարող տանել ժողովրդին, պիտի լիքը լինի: Ոչ միայն հռետորական արվեստին տիրապետելն է կարեւոր, այլեւ մտքի եւ հոգու մաքրությունը, կենդանությունը: Մարդկանց ոտքի կանգնելուց հետո հարց է առաջանալու՝ ինչքանո՞վ է մաքուր այդ տանող միտքը, տանող սիրտը, հոգին: Այդ ամբողջը շատ կարեւոր է լինելու: ՀԱԿ-ում դիմակայող զանգվածն ամենամեծն է, ինչ սխալների հետեւանքով ինչքան էլ կորցրել են, էլի ամենամեծն է: Մյուսները, ովքեր այսօր ՀԱԿ-ի հետ չեն, տեսնելով, որ այդ մաքրությունը ՀԱԿ-ում հայտնվել է, նորից միասնականանալու են: Եվ Աստված տա, որ ՀԱԿ-ում սրտի, մտքի, հոգու մաքրությունը հերիքի, որ բոլորին ի վիճակի լինի ընդունել ու միավորվել»:

Ասուլիսներից մեկում պարոն Մանուչարյանն ասել էր, որ ՀԱԿ-ի նկատմամբ ժողովրդի վստահությունը կորել է: Հարցին՝ հիմա վերականգնվե՞լ է այդ վստահությունը՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Կորելը մի քիչ ուժեղ գնահատական է, որ նվազել է՝ դա անկասկած: Չէ, չի կորել, մանավանդ ժողովուրդը շատ է ուզում հույս կապել մեկի հետ, այսինքն հույս ձեռք բերելու մեծ պահանջ կա: Հույսը իրոք կորած չէ, բայց ձեռք բերելու էլ մեծ ցանկություն կա, հետեւաբար երբ դա ի հայտ գա, մի որեւէ կետի անպայման ժողովրդի վստահությունը կլինի»:

Ըստ Աշոտ Մանուչարյանի, ՀԱԿ-ը բոլոր հնարավորություններն ունի մարդկանց ոտքի հանելու, որովհետեւ դրսից էլ բոլոր անհրաժեշտ ազդակները կան. «Դա ոչ թե կարեւորում եմ այն իմաստով, որ ինչ-որ մեկն աջակցի- բան, խոսքը դրա մասին չէ, այլ՝ եթե մենք ինքնաբավ լինենք, ոչ մի դուրս մեզ չէր հետաքրքրի: Հիմա քանի որ ավելի նվազ ենք, ավելի կարճ ենք, ավելի նվնվում ենք, այս վիճակում դրսի իմպուլսներն էլ կարեւոր են: Հիմա հսկայական ազդեցություն են գործում Հայաստանի վրա ՌԴ-ում սկսված գործողությունները: Այնտեղից նույնիսկ միջամտություններ կարող են լինել՝ ելնելով իրենց իրավիճակից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829