ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար, «Շերիֆ» մականունով Գրիգոր Գրիգորյանն, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին, այլեւս ղեկավարում է ԲՀԿ Արարատի մարզային կառույցը: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ի այս ընտրությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Մարտի 1» -ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ներքին զորքերի նախկին հրամանատարը եղել է հանձնաժողովում, հանձնաժողովականների բոլոր հարցերին տվել է պարզաբանումներ, պատասխանել է մարտի 1-ի առնչությամբ բոլոր հարցերին: Դրանց սղագրությունները կան, ցանկության դեպքում ցանկացած լրագրող կարող է բացել այդ նյութերը եւ կարդալ»:
Հիշեցնենք նաեւ, որ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ին ասել էր, որ իր համար բոլորովին էլ անսպասելի չէր, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ անդամ դառնալու ցանկություն է հայտնել. «Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի մարդն է, իսկ ԲՀԿ-ն էլ՝ նրա կուսակցությունը: Ինչո՞ւ, ուրեմն, Օսկանյանը չպետք է գնար այդ կուսակցություն: Այնպես որ, նրանք մի շղթայով կապված են իրար՝ երևա դա, թե ոչ: Հիմա այդ կապն ավելի ակնհայտ է դառնում: Մարտի 1-ից հետո ես Օսկանյանին Քոչարյանից չեմ բաժանել, որովհետև նրանք երկուսն էլ հավասար պատասխանատվություն են կրում մարտի 1-ի համար»: Իսկ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էր ասել էր. «Վարդան Օսկանյանն իրավունք չունի վերադառնալ քաղաքականություն, նա մարտի 1-ի հանցագործներից մեկն է»:
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ից չարձագանքեցին այս հայտարարություններին, մինչդեռ ավելի վաղ «Առավոտին» Անդրանիկ Քոչարյանի համահունչ պնդումները. «ԲՀԿ-ն եւ Ռ.Քոչարյանը անբաժանելի գործընկերներ են, և այս պահին էլ ակնհայտ երևում է նրանց շարունակական համատեղ գործողությունների տրամաբանությունը: Եվ ինձ համար տեսանելի չէ ԲՀԿ-ի հետ համագործակցության որևէ եզր, քանի դեռ իրականացված չէ մարտի 1-ի ամբողջական եւ լիարժեք բացահայտում», արժանացել էին կոշտ հակահարվածի:
Մեր հարցին՝ ինչո՞ւ են ԲՀԿ-ի շուրջ համախմբվում մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել մարտիմեկյան իրադարձությունների հետ, այն պարագայում, երբ ԲՀԿ-ն մշտապես քննադատական կեցվածքով է խոսել այդ իրադարձությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նույն կերպ, կարելի է ասել, որ «մարտի 1»-ին առնչություն են ունեցել հայաստանյան այդ ժամանակվա բոլոր մարդիկ: Ի՞նչ կապ ունի դա: Ուրեմն՝ ես էլ, դուք էլ, բոլորս էլ պատասխանատու ենք: Եթե չեմ սխալվում, Վարդան Օսկանյանը 2011 թվականին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանել էր ձեզ հուզող բոլոր հարցերին: Կարող եք վեր հանել այդ հրապարակումները եւ ստանալ պատասխանները»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ