Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականները, դռնեդուռ ընկած, ձայն են խնդրում անգամ ՀԱԿ-ի ակտիվիստներից

Փետրվար 17,2012 17:29

ԲՀԿ-ականները շրջում են այս շենքերում

Մի քանի օր է` Գյումրու ամենամեծ թաղամասի` Անիի բնակիչներից պատմություններ ենք լսում այն մասին, որ ԲՀԿ-ականները «Եհովայի վկաների» պես դռներն են թակում ու «Ծառուկյանն է, չէ՞` ամենալավը» կարգախոսով ակնհայտ քարոզ անում: Նրանք հասցրել են լինել Արամ Խաչատրյան փողոցի գրեթե բոլոր շենքերում` 29, 30, 31, Մինաս Ավետիսյան 31 շենքում, այդ թվում նաև մեր` լրագրողիս տանը:

Ըստ մեր զրուցակիցների, ԲՀԿ-ականները իբրև թե ճշգրտում են ընտրացուցակները, տան անդամների քանակն են հստակեցնում, սակայն նաեւ ճշտում են, թե ում են պատրաստվում ընտրել` ԲՀԿ-ի՞ն, թե՞ հանրապետականին, թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրվող ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի՞ն, թե՞ հանրապետականների «դաբրոյով» առաջադրվող «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանին: Ըստ այս թաղամասի բնակիչների, ԲՀԿ-ականները հաշվի չեն առնում ոչ բուք-բորանը, ոչ էլ այն հանգամանքը, որ կան ընտանիքներ, որտեղ այլ կուսակցության ներկայացուցիչներ են ապրում:

Այդպիսի մի դեպք գրանցվել է Գյումրու ծննդատան ՀՀԿ-ական բուժաշխատողներից մեկի տանը. տանը եղել է միայն նրա թոշակառու մայրը, որին համոզել են դառնալ ԲՀԿ-ական:

Ի դեպ, ԲՀԿ-ականները թակել են նաև ՀԱԿ ակտիվիստների դռները, օրինակ՝ Կարապետ Պողոսյանինը, որը բնակվում է Մինաս Ավետիսյան 21 շենքի 53-րդ բնակարանում, նաև 7-րդ փողոցի 4-րդ շենքի 16 բնակարանի բնակիչ Վահագ Խաչատրյանի դուռը: «Ինձանից հետաքրքրվում էին, թե ո՞ւմ եմ ընտրելու` Մարտուն Գրիգորյանի՞ն, թե՞ Արման Սահակյանին, ես էլ պատասխանեցի, թե մեր` ՀԱԿի թեկնածուին: Տհաճ է, որ պաշտոնական քարոզարշավը դեռ չսկսված, մասսայական դռնեդուռ են ընկնում, իբրև թե ցուցակ են ճշտում: Ցուցակ են ուզում ճշտել՝ թող դիմեն կամ ԿԸՀին, կամ ոստիկանությանը, ենթադրենք՝ իմ հարազատները էսօր Ռուսաստանում են, ընտրության օրը Հայաստանում կլինեն, անխտիր բոլորի դռները թակելն ու քարոզ անելը, վերջում էլ իրենց թեկնածուի օգտին պտիչկա դնելը ո՞րն է», -զայրացավ ՀԱԿ անդամ Վահագ Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829