Երեւանի պետական համալսարանում, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության Ձայն» ծրագիրն այսօր հրապարակեց Հայաստանի 17 բուհերի 564 ուսանողի շրջանում արված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները՝ «Բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները. ուսանողների կարծիքի հարցում» թեմայով:
Հետազոտությունը պարզել է, թե ուսանողները որքանով են տեղեկացված կրեդիտային համակարգից եւ ուսանողակենտրոն ուսուցումից, որքանով է գնահատման համակարգը օբյեկտիվորեն արտահայտում ուսանողի գիտելիքներն ու կարողությունները:
Մասնագիտական խորհրդատվության հարցում «Ուսանողության Ձայն» թիմի անդամներին աջակցած ՈԱԱԿ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ նման ծրագիրը կնպաստի մեր ուսանողների ներգրավվածությանը Եվրոպական կրթական զարգացմանը. «Առաջիկայում 8 հայաստանյան բուհեր, այդ թվում ՝ ԵՊՀ-ն, Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը կստանան եվրոպական հավատարմագրում, որի արդյունքում ուսանողների կրեդիտները ճանաչելի կլինեն Եվրոպայում, եւ լիովին կմտնենք Բոլոնյան պրոցեսի մեջ»,-տեղեկացրեց Ռ. Թոփչյանը:
Իսկ ԿԳՆ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց. «Հայաստանն այն երկրներից է, որտեղ սահմանված է ուսանողների 25 %-ի ներգրավվածություն բուհի կառավարմանը: Մենք խրախուսում ենք ուսանողների ակտիվությունը»:
Կարդացեք նաև
Ըստ «Ուսանողության Ձայն»-ի անցկացրած հարցման արդյունքների ամփոփման՝ ուսանողների 21.4 %-ը չգիտի, թե ինչ է կրեդիտային համակարը, 5.6 %-ի կարծիքով՝ այն ուսուցումը կարգավորող եւ ուսմանը նպաստող նոր մեթոդ է, 20.6 %-ը կարծում է, թե կրեդիտային համակարգն ուսանողի համար հեշտ, սակայն բթացնող համակարգ է:
Արտասահմանում ուսումը շարունակելու եւ բուհից բուհ տեղափոխվելու մասին համալսարանների տրամադրած տեղեկատվությունից բավարարված չեն ուսանողների՝ համապատասխանաբար 42 եւ 39%-ը, մինչդեռ ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվելու մասին տրված ինֆորմացիայից իրեն բավարարված է համարում 46%-ը: Ուսուցման ամենատարածված մեթոդը համարվող դասախոսությունն արդյունավետ է համարում ուսանողների 64.2 %-ը: Ըստ հարցումների՝ ուսանողների սովորելու ցանկությունն առաջին եւ երկրորդ կուրսերում նվազել է համապատասխանաբար 33 եւ 45.1 %-ով: Հարցվածների մեծամասնությունը ցանկացել է դասախոսներից ուսման մեջ ուղղորդելու, գիտելիքների պրակտիկ մատուցման կարողություններ:
Արդյունքների հրապարակումից հետո «Ուսանողության Ձայն»-ի թիմը նշեց, որ պատրաստ է լսել հետազոտման արդյունքների վերաբերյալ առաջարկություններ: Առաջիկայում կհրապարակվեն Գյումրիում եւ Վանաձորում անցկացված հարցումների արդյունքները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ