Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում՝ 2-րդ փակուղու դիմաց, հսկայական մերկասառույցի պատճառով իրար են բախվել «Մերսեդես E-260» մակնիշի 16 ԼՍ 386 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ԼԼ 714 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որին շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև 1 անձ։ Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել և առաջացել է հսկայական խցանում։
Երևանի ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ են կարողանում բացել ճանապարհը։ Անգամ շտապօգնության ավտոմեքենան վիրավորներին տեղափոխելու համար չէր կարողանում դուրս գալ խցանումից։
Կարդացեք նաև
Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ եթե քաղաքային և տեղական իշխանությունները ժամանակին ձնահեռացման աշխատանքներ կատարեին, ապա չէր առաջանա մերկասառույցը և տեղի չէր ունենա հերթական վթարը։ Այս պահին դեպքի վայր ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում այս հատվածում մերկասառույցի պատճառով տեղի է ունեցել 6 ճանապարհատրասնպորտային պատահար, որտեղ նաև եղել են վիրավորներ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ