Այսօր Մաշտոցի այգում ոստիկանների եւ բնապահպանների բանակցությունների ժամանակ, երբ ակտիվիստների թիվը սկսեց ավելանալ՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության փոխգնդապետը պահանջեց հատուկ թույլտվություն` ասելով, որ արդեն 100 հոգուց ավելի եք: Ակցիայի կազմակերպչի դիտարկմանը, որ «դուք ավելի շատ եք, քան ակցիայի մասնակիցները, 15 երեխու վրա 100 հոգի ոստիկան եք բերել, էս կալցո օպերացիա՞ն եք կազմակերպում», ոստիկանը պատասխանեց.«Եթե մեր թվաքանակը դուք զգում եք, որ գերակշռում է, դա էլի ձեր անվտանգությունից ելնելով է: Գիտե՞ք ինչի, որ հանկարծ մեկս մյուսի նկատմամբ ֆիզիկական ուժ չգործադրենք: Այ դրա համար ա մեր թվաքանակը»:
Պարզվում է` ոստիկանները հրահանգ են ստացել,որ ակտիվիստների հետ շատ քաղաքավարի վերաբերվեն, սակայն ստացվել է` ինչպես միշտ, հրմշտոց, բռնություն եւ քաշքշոց` ընդհուպ մինչեւ կանանց նկատմամբ:
Ոստիկանն անընդհատ համոզում էր ակտիվիստներին հիմա տուն գնալ, հետո ժամ, տեղ որոշել ու քաղաքակիրթ քննարկել խնդիրը: «Մենք ժամադրության չենք գնում ու կոֆե խմելու չենք գնում»,- ի պատասխան` ասաց ցույցի մասնակիցը:
Նշենք, որ այս պահին էլ բնապահպանների եւ ոստիկանության միջեւ բանակցությունները շարունակվում են:
Կարդացեք նաև
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` պուրակ էր ժամանել եւ ակտիվիստների հետ հանդիպում ունեցել Երեւանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Կենտրոնականի ոստիկանության պետ Սարգիս Մարտիրոսյանը: Նրանք նույնպես վստահեցրել են, որ շինարարական աշխատանքները կատարվում են օրենքի սահմաններում, իսկ ոստիկանները պահպանում են հասարակական կարգը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ