Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանի հայտարարությունը` ՍԴՀԿ-ին հետապնդելու պատճա՞ռ

Փետրվար 17,2012 16:16

Այսօր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ասուլիս էին հրավիրել եւ լրագրողներին ցույց էին տալիս իրենց կուսակցության պետռեգիստրի վկայականն ու նույն կուսակցությունը գրանցած Պերկուպերկյանի տեղեկանքը, ըստ որի իրենք 3 օրվա ընթացքում պետք է հանձնեն կուսակցության գույքը, արխիվը, դրոշը, կնիքը, գրանցման վկայականն ու փաստաթղթերը: Գրությունը նույնիսկ ամսաթիվ էլ չունի եւ հնարավոր էլ չէ պարզել` այդ 3 օրը լրացե՞լ է թե՞ ոչ:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, իրենց նկատմամբ հետապնդումը սկսել է սրանից 5 տարի առաջ. «Հայկական ժամանակ» թերթում Սաշիկ Սարգսյանը ինչ-որ մեկի  թաղման ժամանակ հայտարարել էր, որ ի՞նչ է եղել, ոնց որ 27-ին մի 8 հոգու խփեցինք, հիմա էլ մի 10 հոգու կխփենք` կանցնի-կգնա: Մենք Լյուդմիլա Սարգսյանի հետ մի նամակ գրեցինք եւ ուղարկեցինք ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին, որ խնդրում ենք այս փաստով քրգործ հարուցեք եւ ստուգեք սպանությունների մասին հայտարարության փաստերը: Իհարկե, մեր նամակը մնաց անպատասխան, բայց Մարտի 1-ին իրոք սպանեցին 10 մարդու, այսինքն, այն հայտարարությունը կատարվեց: Այդ պահից արդեն ծրագրվեց ՍԴՀԿ-ն վերացնելու ծրագիրը: Եվ այն, որ ինձ հանիրավի կես տարի պահեցին բանտում` ուղիղ կապված էր այդ նամակի հետ»:

Պարոն Եղիազարյանն արդարադատության նախարարին չի մեղադրում. «Նա կապ չունի, կամակատար է: Բռնապետն ասել է,որ պիտի անեք: Մենք ՀԱԿ-ի անդամ ենք եւ մեզ պետք է պատժել, գցել թյուրիմացության մեջ: Որ ասում ենք ժամ առաջ սրանցից պետք է ազատվել, ժամ առաջ սրանց պետք է ուղարկել իրենց գյուղերը` դրա համար ենք ասում, ժողովուրդը մեղք է»:

Գուրգեն Եղիազարյանը նաեւ հեգնում էր, որ սա նույն բանն է, որ ինքը գնա պետռեգիստրում գրանցի Հանրապետական կուսակցություն, նախագահ` Գուրգեն Եղիազարյան, մի հայտարարություն էլ տա ու վերջ. «Պերկուպերկյանն իրոք ինքն իրենից անտեղյակ է, նրա ետեւում մի հատ աղվես կա, որի ականջները երեւում են ետեւից, նա էլ այդքան գրագետ չի: Ասենք, վաղը չկա բռնապետություն, ո՞վ է պատասխանելու` Պերկուպերկյանը, իսկ նա, ում ականջները երեւում են` նա մաքուր է դուրս գալու»:

Ուշագրավ է, որ ՍԴՀԿ-ի հետ կատարվածը կարող է այսպես ասած «զենք» լինել` ՀԱԿ-ի հետ հարցերը լուծելու համար, որովհետեւ նրանք ընտրություններին պատրաստվում են ՀԱԿ-ի հետ դաշինքով հանդես գալ, ու չի բացառվում,  որ քարոզչությունից առաջ ՍԴՀԿ-ի կնիքը, ստորագրությունը անվավեր համարելով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակը չգրանցեն: Այս առնչությամբ պարոն Եղիազարյանը նկատեց. «Սրանք ամեն ինչ անում են` ընտրությունները սպասարկելու համար, ուզում են մի նենգ բան անեն: Մաֆիան անցել է լրջագույն աշխատանքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829