«Ես ո՞ւր դիմեմ, վարչական դատարան, որը օրենքի կոպիտ խախտումներ է արել: Եթե ամբողջ պետությունն ինձ դեմ է եղել, ես նորից դիմեմ էդ պետությանն, ասեմ՝ ինձ արդարացրեք կամ չեղյա՞լ համարեք էդ ընտրությունները»,- այսօր «Ուրբաթ» ակումբում այսպես արձագանքեց Սասուն Միքայելյանը լրագրողներին հետաքրքրող հիմնական հարցին՝ ինչո՞ւ չի բողոքարկում ընտրությունների արդյունքները: «Ես չեմ ուզում շոու սարքեմ, բողոքարկելը նշանակում ա շոու, ո՞ւմ բողոքեմ էս պետության մեջ: Մեր վերլուծությունները ցույց ա տալիս, որ մի մեխանիզմ ա գործել, որը անհասկանալի է, պլյուս, որ բոլոր կառույցները իմ դեմ են աշխատել: Պատկերացրեք, իմ քրոջ որդուն, իրա հորեղբայրը, որը աշխատում ա ներտնային գազի սպասարկման ինչ-որ ցանց կա, ըտեղ, Խաչատրյան Վրեժը, բացահայտ ասեմ, որ ամաչի, կանչել ասել ա, որ Միքայելյան Սասունի ընտրարշավներին չմասնակցես»,- հայտարարեց բանախոսը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանը 1500 ձայնի տարբերությամբ զիջեց իր մրցակից, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին, որը գործող քաղաքապետն էր: Սասուն Միքայելյանը բերեց նաեւ իր լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացրած մի քանի դիմում-բողոքների մերժման փաստեր, հաստատելու համար իր որոշման հավաստիությունը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նա ներկայացրեց դեռ նախորդ համապետական ընտրությունների վիճակագրությունը, հաստատելու համար իր շտաբի պետ Հակոբ Ավակումյանի այն հայտարարությունները, որ զարմանալիորեն աճել է ընտրողների թիվը. «Տարիները ցույց են տվել, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մասնակցությունն ավելի է նվազում: Անհնարին ա, որ էս ընտրության ժամանակ Հրազդանում աճեր ընտրողների թիվը: Այսինքն, նախագահականի ժամանակ նվազել ա ընտրողների ընդհանուր թվաքանակը, հիմա աճել ա, համարյա 44 հազար ա դարձել: Եթե հանենք 40 տոկոսը, որ բացակայում են, էլ մարդ չի մնում, բայց իրանց թվերով՝ 90 տոկոս մասնակցել ա, որը անհնարին ա Հրազդանում»:
Կարդացեք նաև
Սասուն Միքայելյանը եւս համարում է, որ սա իր հաղթանակն էր, ոչ թե պարտությունը, քանի որ, կարծում է, որ իր մրցակիցը եղել է պետական կառավարման ողջ համակարգը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու որ «Կավալը Արամի հետ հոխորտում էր, որ 60-70 տոկոսով հաղթելու են…ՀՀԿ-ն Հրազդանում ունի 5-10 տոկոս, Հանրապետականը Կավալն ու Արամը սարքել են հանրասեփական ու իրենց գործն են անում»:
Նա հայտարարեց, որ մինչեւ ընտրությունների սկսվելը կնիքները թանաքոտված են եղել, ասաց նաեւ, որ կասկածելի է անվավեր քվեաթերթիկների մեծ քանակությունը: Վերջինս բացատրեց այսպես. «Փողը վերցրել են մարդիկ, բուլետինը ստացել են, բայց չեն ուզել իրանց քվեարկեն, դրա համար էլ ընենց են արել, որ էդ բուլետիններն անվավեր լինեն»:
Սասուն Միքայելյանը բերեց նախորդ տարիներին քաղաքապետարանում եւ մարզպետարանում իրականացված մի շարք ստուգումների արդյունքներ, որոնք վկայում են մի շարք յուրացումների մասին:
Սասուն Միքայելյանի կարծիքով իր հաղթանակը ձեռնտու կլիներ հենց Սերժ Սարգսյանին, որովհետեւ՝ «Կավալից կպրծներ»: Լրագրողների հարցերին՝ իսկ ուզո՞ւմ է նախագահը «Կավալից պրծնել», Միքայելյանը խորհուրդ տվեց հարցը նախագահին ուղղել: Միայն ասաց, որ ինքը չի հասկանում, թե «էսքան տարի ո՞նց ա նախագահը դրանց ետ ճամփա գնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ