«Կավալը եւ որոշ մարդիկ պետք է թիվ ցույց տային նախագահին, որ Սասունին ջարդին, որ ես ընդե ձայն չունեի…իրան դրել ա չգիտեմ ինչի տեղ, որ մարդիկ ինձ ընդե հարգում են», -այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսում այսպես մեկնաբանեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, քաղաքապետի պարտված թեկնածու Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանը պնդում է, որ իր կողմնակիցներին Հրազդանում ճնշել եւ ահաբեկել են, անգամ՝ «ով ինձ բարեվ ա տվե, հետը ոչ էլ խոսացել են»:
Նա հայտարարեց, որ երկու օր առաջ խնջույք է կազմակերպել, հրավիրել իր հետ աշխատած մարդկանց եւ շնորհակալություն հայտնել. «Իսկ նրանք, հմի փողի բաժանման համար ընդե պատերազմ ա: Ռազբորկա ա գնում, թե ով ինչքան փող ա վերցրե, թե ինչի էսքան քիչ ձայն եղավ, ոնց եղավ, որ Միքայելյան Սասունն էսքան ձայն հավքեց»:
Սասուն Միքայելյանն իրեն համարում է պայքարի ու գաղափարի մարդ, ասում է, որ հուսահատված չէ, երբեք էլ չի հուսահատվել ու շարունակելու է պայքարը, հավատացած է, որ Հայաստանում իրավիճակը փոխվելու է: նա շնորհակալություն հայտնեց նաեւ իրեն չընտրողներին, իսկ ընտրողներին առավել եվս, քանի որ այդքան համարձակություն են ունեցել «ոչ թե Սասունի, այլ իրանց ապագայի համար քվեարկելու»:
Կարդացեք նաև
Արամ Դանիելյանին շնորհավորել նա չի պատրաստվում. «Եթե արդար պայքար գնար, քաղաքակիրթ ձեվով կշնորհավորեի, բայց Դանիելյանը կեղծիքներով ընտրվեց, ես գնամ իր կեղծիքները շնորհավորե՞մ, նպաստե՞մ իրա կեղծիքներին»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հակառակորդ կողմը Ձեզ էլ է մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ, Միքայելյանը հակադարձեց. «Ընձի փող որդո՞ւց, որ ընտրակաշառք բաժանեի: Երկրորդ էլ, եթե ես ընտրակաշառք բաժանեի, պատկերացրեք, հենց առաջինը կկալանավորեին էդ մարդկանց, իրանք ամեն ինչ անում էին, որ մի բան ըլնի, իմ մարդկանց կալանավորեն: Պատկերացրեք, որ ազգային անվտանգությունից ընձի լուրեր էին հասնում, որ ասենք, էսօր գիշեր ընտրակաշառք են բաժանում, հելեք՝ դեմն առեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ