Նոր էի սկսել մեծ վեպեր կարդալ, ու աչքերս կարմրում-ցավում էին: Եվ մի օր հայրս ինձ տարավ քաղաք՝ բժշկի: Ես առաջին անգամ էի բժիշկ տեսնում, եւ նրա սպիտակ խալաթի մաքուր ճերմակությունից ու խոսքից աչքերիս ցավը անմիջապես էլ անցան: Նա ինչ-որ կաթիլներ տվեց, եւ կաթիլների հետ՝ բազմաթիվ խորհուրդներ:
Եվ քանի որ հայրս նոր տուն էր ուզում կառուցել, եւ այդ տան համար տախտակներ էին պետք, բժշկին տեսնելուց հետո գնացինք սղոցարան:
Դա քաղաքի ծայրին մի մեկուսացված, պարսպապատ տեղ էր: Եվ ես իմ մանկության կյանքում, բժշկից հետո, երկրորդ փորձությունն անցա, որոնք տարիներ հետո եւ մինչեւ այսօր ես դատապարտված եմ հիշելու՝ բժշկի բարի ժպիտը՝ ճերմակ խալաթով, եւ սղոցարանի սահմռկեցուցիչ վայնասունը, ուր գերաններից տախտակներ էին քաշում-կտրում: Եվ շուրջբոլորը թեփ էր, թեփ, թեփ, թեփ, չգիտես ինչու՝ զարմանալիորեն խոնավ ու օտարված:
Եվ ես վախեցա: Ինչպես վախեցել էր մանուկ Վահան Տերյանը նույն քաղաքի ճանապարհին, երբ առաջին անգամ ծառ էր տեսել, քանի որ Գանձա իրենց գյուղում այդ ժամանակ ծառ չկար:
Կարդացեք նաև
Իհարկե, պիտի անցնեին տարիներ, որ ես հասկանայի, թե ինչու էր այդպես դիմադրում գերանը եւ չէր ուզում, որ իրենից տախտակ քաշեն, եւ ինչու էր թեփը այդքան թաց: Ընթերցողը կարող է ինձ սենտիմենտալ համարել, բայց ես կռահեցի, որ այնտեղ դեռ գերան չդարձած կենդանի ծառն էր բռնաբարվում: Եվ թաց թեփն էլ ծառի արցունքներն էին, այն ծառի, որից մի օր մանկության տարիներին վախեցել էր Վահան Տերյանը…
Ինչ սարսափելի տեղ է, Տեր Աստված, սղոցարանը, եւ ինչքան նման է այսօրվա մեր քաղաքական կյանքին:
Սրճարանում հանդիպում ես ծանոթիդ եւ նա ուրախությամբ ասում է՝ տեսա՞ր, որ Սարկոզին չստորագրեց, բա որ ես ասում էի, մյուսն ասում է՝ գիտե՞ս, թե ինչքան վատ է գյուղերի վիճակը, երրորդը շարունակելով նույն տոնայնությամբ՝ հիշեցնում է՝ տեղյա՞կ ես, ինչքան մարդ է այսօր արտագաղթում, չորրորդ ծանոթս դնում է վերջակետը՝ ա՛յ, կտեսնես, որ ընտրությունները կեղծվելու են: Հետո արդեն սկսվում է. լսեցի՞ր, որ Ղազարոսը մտել է Վ կուսակցություն, իսկ Սաղաթելը Վ-ից դուրս է եկել եւ մտել է Ա կուսակցություն: Ես լսում եմ նրանց ու որոշում եմ չպատասխանել, բայց ասում եմ՝ իսկ գիտե՞ք տղերք, որ Գանդին գնացել է Դանտի, հարցնում են՝ ինչո՞ւ է գնացել, ասում եմ՝ մեր գործով: Եվ բոլորը միասին ողջունում են՝ ա՜, Գանդին կարող է անել… Մի հարցնող լինի՝ նախ ինչո՞ւ համար եք ուրախանում, կամ գիտե՞ք որտեղ է գտնվում Դանտին, իսկ Գանդին վաղուց մահացել է եւ ինչով պիտի օգնի մեզ…
Եվ այսպես մենք ամեն օր սղոցում ենք հայրենական մեր ծառը՝ ամեն մեկս մեր չափով մեր տախտակը պոկելու, առանց մտածելու, որ մենք բոլորս մեկ խնդիր ունենք՝ բարեհարդար տերեւ լինենք դալարագեղ ծառի համար եւ երկիրը հեռու պահենք սղոցարանի թախծից:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ