Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոնիան՝ եվրոպացիների եւ մեր աչքերով

Փետրվար 17,2012 14:31

Այս տարվա հունվարի 19-ին Կոպենհագենում 47 երկրների ներկայացուցիչներ Հայաստանն ընտրեցին որպես 2015թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Դրանով Հայաստանը 3 տարով ստանձնեց Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, եւ Երեւանը այդ ժամանակահատվածով դարձավ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանը ԵՄ ոչ անդամ առաջին երկիրն է, որին վստահվում է նման բարձր առաքելություն: Ավելին, եվրոպական դիտորդները բավականին բարյացակամ են մեր հանդեպ եւ բարձր գնահատականներ են տալիս Հայաստանում Բոլոնիայի գործընթացի զարգացումներին: Ավելի վաղ Եվրոպական համալսարանական ասոցիացիան հրապարակել էր «Միտումներ VI» զեկույցը՝ նվիրված եվրոպական բարձրագույն կրթության վերջին տասնամյա փոփոխություններին, որտեղ մեր երկիրը դասվել էր այն երկրների շարքին, որոնց հաջողվել է եռաստիճան կրթական համակարգի ներդրման ապահովվածություն ապահովել 85-100%-ով (Եվրոպական համալսարանների ընկերակցության պաշտոնական կայք, https://www.eua.be/eua-work-and-policy-area):

ՀՀ երեք խոշոր քաղաքներում (Երեւան, Գյումրի, Վանաձոր) իրականացված սոցիոլոգիական հարցումները (https://www.edu.am/index.php?id=-4435&topMenu=17&menu1=-1&menu2=17&arch=0), սակայն, վկայում են, որ Բոլոնիայի գործընթացի արդյունքները մեր երկրում դեռեւս խորքային բնույթ չեն կրում եւ առավելապես ձեւական դրսեւորումներ ունեն: Ուսանողների 82.5%-ը փաստում է, որ բարեփոխումները հիմնականում առնչվում են գիտելիքների գնահատման համակարգին, իսկ դասախոսների զգալի մասի կարծիքով՝ մագիստրատուրայի եւ բակալավրիատի առարկաների բովանդակության եւ կառուցվածքի մեջ չկա նշանակալից տարբերություն:

Ինքս էլ ականատես լինելով Բոլոնիայի զարգացումներին՝ համաձայն եմ հայ հասարակության վերոնշյալ գնահատականներին եւ նույնպես կարծում եմ, որ բարձրագույն կրթական համակարգում բարեփոխումները դանդաղում են: Կրթությունը միշտ էլ համարվել է պահպանողական ոլորտ եւ ի սկզբանե դիմակայել է ցանկացած բարեփոխման: Պատճառները մի քանիսն են: Նախ՝ կրթական բարեփոխումները, որպես կանոն, «դժվարամարս» են հասարակության լայն զանգվածների համար՝ մասնավորապես, միջին եւ ավագ սերնդի համար, որոնք, ժամանակին իրենց համար հաջողված եւ փորձված կրթական ծրագրերով անցնելով, մերժում են նորը: Հետեւաբար, պատահական չէր, որ Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամագրվելը միանշանակ չընդունվեց հայ հասարակության կողմից: Եվ, վերջապես, ուսանելը երկարատեւ գործընթաց է ուսանողության համար, բնականաբար, դժվարություններ են ստեղծվում՝ բարեփոխումների ընթացքում վերակառուցելու իրենց կրթական վարքագիծը: Նույնը վերաբերում է մասնագիտական կրթական ծառայություններ մատուցող հաստատություններին, որոնք, ունենալով ձեւավորված ավանդույթներ, միանգամայն մերժողական դիրք են գրավում բարեփոխումների նկատմամբ:

Հիմնականում կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը մերժվում է մի շարք փաստարկներով: Նախ, ընդգծելով ԽՍՀՄ կրթական համակարգի առավելությունները եւ ներկայացնելով այդ շրջանի գիտամանկավարժական գործունեության ակնառու ձեռքբերումները, բերվում են փաստարկներ՝ հակառակ կրթական ներկայիս բարեփոխումների: Բայց, մյուս կողմից էլ՝ պետք է «սթափվել» պատմական նիրհից եւ հասկանալ, որ այլեւս անիմաստ է պահպանել կրթական մի համակարգ, որը ծառայում էր սոցիալ-տնտեսական մի կացութաձեւի, որն այլեւս գոյություն չունի:

Բոլոնիայի գործընթացը շեշտադրում է կատարում ոչ թե կրթության «կոշտ» ստանդարտացմանը, այլ տարբեր պետություններում մատուցվող կրթական ծառայությունների արդյունքների փոխճանաչմանը եւ պահանջվող որակի պահպանմանը: Եվ, վերջապես, անընդունելի է Հայաստանի մասնագիտական կրթական համակարգի մեկուսացումը միջազգային զարգացումներից, այն էլ այն դեպքում, երբ մեր երկիրը ձգտում է բազմակողմանի միջազգային համագործակցության արտաքին աշխարհի հետ:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829