Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե մի բարաթ էլ դակեին, Հայկի նկատմամբ կհայտարարվեր միջազգային հետախուզում

Փետրվար 17,2012 14:26

Անցյալ տարեվերջին հայոց նախագահը ուժային կառույցներին հորդորեց նոր ուղիներ որոնել մարտի 1-ի սպանությունները բացահայտելու համար եւ հավաստեց, որ ժամանակները փոխվել են, ականատեսները կվստահեն ուժայիններին եւ կհամագործակցեն նրանց հետ: Արտաբերումից անցել է գրեթե մեկ տարի, մինչդեռ սպանությունների գործերը մնում են նույն մեռյալ վիճակում, իսկ ականատեսներից ոչ ոք իր տեսածը կամ լսածը չհաղորդեց ուժայիններին: Տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ ժողովուրդը չվստահեց ուժային կառույցներին եւ այդ կառույցները ինչպես է, որ առանց խորշելու բանի տեղ չդրեցին պետության գլխի հանձնարարությանը: Բանը նրանում է, որ հորդորը խաբկանք էր, ինչը ավելի խորացրեց ուժային կառույցներ-ժողովուրդ ջրբաժանը, ըստ որում՝ նկատվեց, որ ժամանակները չեն փոխվել եւ ամենուր անարխիան շարունակվում է: Դրանցից է վերջերս «ՀԺ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալումը:

Հայկը մեղադրվում է հունվարի 13-ին տրանսպորտային միջոցով հետընթաց կատարելիս Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու եւ պատահարի վայրից փախուստի դիմելու համար: Հարուցված քրեական գործով նախաքննության մարմինը հունվարի 23-ին ընդունել է հետեւյալ որոշումները.

– Հայկին ներգրավել որպես մեղադրյալ,

– Մեղադրյալի նկատմամբ հայտարարել հետախուզում,

– Խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Հետաքննության մարմինը փետրվարի 3-ին ձերբակալել է մեղադրյալին:

Իմ պատկերացմամբ՝ հիշյալ որոշումները իրավական հիմքերից զուրկ են:

1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը խիստ անհատականացված քրեադատավարական փաստաթուղթ է եւ այդ որոշումը ընդունելիս պետք է ապացուցված լինեն հետեւյալ հանգամանքները.

ա) արարքը, որի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ կատարվում է նախաքննություն, իրականում տեղի է ունեցել,

բ) այդ արարքը կատարել է տվյալ անձը,

գ) քննվող արարքը (գործողություն կամ անգործություն) պարունակում է Քրեական օրենսգրքի հատուկ մասում նախատեսված որոշակի հանցագործության կազմ:

Նկատենք, որ Հայկին որպես մեղադրյալ ներգրավելու պարագայում քրեական հետապնդում իրականացնող մարմինը թվարկած հանգամանքները չի պարզաբանել, ըստ որում՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ չեն հայտնաբերվել ինչպես մեղադրող, այնպես էլ արդարացնող ապացույցները եւ որոշումը կայացվել է առանց արարքի կատարումը վկայող ապացույցների, այսինքն՝ խախտվել է գործի արդարացի քննության սկզբունքը (Քրդատօրի 17 հոդված):

Դա նկատվում է նաեւ ոստիկանության քննչական վարչության պետի հաղորդագրությունում, որտեղ շեշտադրված է, որ Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթը կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ («ՀԺ» օրաթերթ, 4.02.12): Կարծում եմ, նման փաստարկումը իրավական անգրագիտություն է եւ վերադարձ Բերիայի ժամանակները:

2. Մեղադրյալի հետախուզումը

Քրեական դատավարության օրենսդրությամբ հետախուզումը գործողություն է, որը ուղղորդված է մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու համար: Այդ գործողությունը փոխկապակցված է անձին որպես մեղադրյալ ներգրավելու հետ, եւ եթե անձը մեղադրյալի կարգավիճակում չէ, նրան հայտնաբերելը հետախուզում հասկացության մեջ չի ներառվում: Հայկի նկատմամբ հետախուզում հայտարարելը աբսուրդ է, քանզի նրա գտնվելու վայրը հայտնի է եղել, Հայկը նաեւ քննությունից չի թաքնվել, ընդհակառակը՝ կոնտակտի մեջ է եղել քննիչի հետ եւ բացատրել հարցաքննության չներկայանալու բուն պատճառը՝ օրինական կանչի (ծանուցագրի) բացակայությունը:

Ինչ վերաբերում է Հայկին բերման ենթարկելու որոշմանը, դա հետախուզում հայտարարելու առիթը կամ բարաթն է, եւ եթե նման մի բարաթ էլ դակեին, որ Հայկը գտնվում է հանրապետության սահմաններից դուրս՝ արտերկրում, ապա կհայտարարեին միջազգային հետախուզում եւ նրան ձերբակալելը կվերագրեին միջազգային կազմակերպությունների քրեական ոստիկանության ուժերին (ինտերպոլ):

3. Խափանման միջոց կալանավորումը

Նկատենք, որ մեղադրյալի հետախուզումը կարգավորող քրեադատավարական նորմը (Քրդատօրի 259 հոդված) թերի եւ անորոշ է: Նորմում շեշտադրված է, որ սույն օրենքով սահմանված կարգով հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց, սակայն, թե որոնք են սահմանված կարգի հիմքերը, ինչի պարագայում կարելի է կիրառել խափանման միջոցը, որեւէ նշում չկա: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության համապատասխան նորմում (210 հոդված) հստակ շարադրված է. «Սույն օրենսգրքի 97 հոդվածի հիմքերի առկայության դեպքում հետախուզվող կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ կարող է ընտրվել խափանման միջոց, իսկ 108 հոդվածի հիմքերի դեպքում խափանման միջոց՝ կալանավորումը»:

97 հոդվածի հիմքերն են, եթե մեղադրյալը.

– թաքնվում է հետաքննությունից, նախաքննությունից եւ դատարանից,

– կարող է շարունակել հանցավոր գործողությունը,

– կարող է սպառնալ վկաներին եւ քրեական դատավարության մյուս մասնակիցներին:

108 հոդվածի հիմքերն են.

– այնպիսի հանցագործությունների կատարման համար, որի համար քրեական օրենքով նախատեսվող ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը 2 տարուց ավելի է (մեր օրենսդրությամբ առավելագույն ժամկետը 1 տարի է),

– մեղադրյալը Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտական բնակավայր չունի,

– նրա ինքնությունը պարզված չէ,

– նրա կողմից խախտվել է նախկինում ընտրված խափանման միջոցը,

– նա թաքնվում է նախաքննությունից եւ հետաքննությունից:

Նկատվում է, որ Հայկի նկատմամբ կալանավորումը կիրառելու հիմքեր չկան, ապօրինություն է, հետեւաբար վերլուծաբանները իրավացի են, որ կալանավորման պատճառը Հայկի ծառայական գործունեությունն ու խոսքի ազատության ճնշումն է:

Կարծում եմ, անհրաժեշտություն չկա դիտարկել Հայկին առաջադրված պատահարի վայրը թողնելու մեղադրանքը (Քրեական օրենսգրքի 244 հոդված), քանզի հանրությունը տեղյակ է վարժեցված վկաների եւ տուժողների միջոցով կեղծ մեղադրանքներ սարքելու ուժայինների պրակտիկային եւ պարզված չէ՝ իրականում դեպքը կատարվե՞լ է, թե՞ ոչ:

Մի հանգամանք եւս. կարծում եմ, ժամանակն է նախաքննության մարմինը հանել ոստիկանության ենթակայությունից: Քաղաքակիրթ երկրներն այդ պարկտիկան կիրառում են վաղուց, իսկ Ռուսաստանի Դաշնությունում այն վերանվանվել է քննչական կոմիտե եւ գործում է դատախազության համակարգում:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829