Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվում են նաեւ փաստաթղթային ուսումնասիրություններ

Փետրվար 17,2012 14:24

Թռչնամսի շուկայում վերջին շրջանում բարձրացված ահազանգերի առնչությամբ «Առավոտի» հարցերին պատասխանում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

 – Պարոն Շաբոյան,  ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Ձեր ղեկավարած հանձնաժողովի կողմից՝ թռչնամսի շուկայում վերջին շրջանում բարձրացված ահազանգերն ուսումնասիրելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ թռչնամթերքի արտադրության ոլորտի որոշ ձեռնարկատերեր ահազանգում են, որ արտերկրից ներկրված՝ սառեցված հավերը վաճառվում են տեղական հավի անվան տակ՝ ավելի էժան գնով, դրանով անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով տեղի արտադրողների համար:

–  Տնտեսական մրցակցության հանձնաժողովին կից գործում է հասարակական խորհուրդ, որում ընդգրկված են ինչպես շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ գործարար համայնքի ներկայացուցիչներ: Հասարակական խորհուրդը խնդրահարույց հարցերի շուրջ պարբերաբար կազմակերպում է քննարկումներ: Նման քննարկումներից մեկի ժամանակ հանձնաժողովին տեղեկացվել է, որ որոշ տնտեսվարողներ փոխում են ներկրված հավերի փաթեթավորումը եւ այն վաճառում տեղականի անվան տակ: Մենք  պատրաստակամություն հայտնեցինք օրենքով մեզ տրված լիազորությունների շրջանակում ուսումնասիրել դաշտը: Հանձնաժողովը դեռեւս դեկտեմբեր ամսից ուսումնասիրություն է սկսել այդ ոլորտում, որը ներկայումս ընթացքի մեջ է: Հավի ներկրմամբ եւ տեղական արտադրությամբ զբաղվող ընկերություններից պահանջել ենք ներկայացնել տեղեկատվություն՝ իրենց արտադրանքի ծավալների վերաբերյալ: Հասկանալի է, որ խոսքը հսկայածավալ ուսումնասիրության եւ հազարավոր փաստաթղթերի մասին է: Սակայն պետք է նշեմ, որ հանձնաժողովի ստուգումներ իրականացնելու լիազորությունը սահմանափակ է, եւ հիմնականում կատարվում են փաստաթղթային ուսումնասիրություններ:

Տեղյակ ենք, որ, ի թիվս այլ պետական կառույցների, միությունը խնդրի մասին տեղեկացրել է նաեւ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայությանը, որն այս պահին ուսումնասիրություններ է իրականացնում: Նշեմ, որ, ըստ Թռչնաբույծների միության ներկայացուցիչների, ներկրված եւ տեղական արտադրանքները տարբերվում են որակական հատկանիշներով, ինչը հնարավոր կլինի պարզել լաբորատոր փորձաքննության արդյունքում: Եվ քանի որ մենք մշտապես համագործակցում ենք ծառայության հետ, ապա կդիմենք նրանց՝ տեղեկանալու արդյունքների մասին, որոնք կօգնեն առավել հստակ պատկերացում կազմելու խնդրի վերաբերյալ:

Մեր կողմից իրականացվող ուսումնասիրությունը դեռեւս ընթացքի մեջ է, մեր փորձագետներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում եւս ուսումնասիրության արդյունքները կլինեն հրապարակային: Սննդամթերքի պետական ծառայության կողմից կատարվող ուսումնասիրությունից հետո կտեղեկանանք արդյունքների մասին, որոնք համադրելով մեր բացահայտումների հետ, կտեղեկացնենք հանրությանը:

– Դուք Ձեր հերթին դիմե՞լ եք որեւէ պատկան կառույցի՝ առաջարկելով զբաղվել նշված խնդրով եւ օժանդակել Ձեր աշխատանքներին:

– Ելնելով մեր գործառույթների բնույթից, այս պահին նման անհրաժեշտություն չկա: Մեր գործունեության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ բացահայտված խնդիրների ողջ փաթեթն ուղարկել ենք այլ պետական գերատեսչություններ, քանի որ  հարկ է եղել ավելի համակողմանի ուսումնասիրության: Այս դեպքում դեռեւս նման անհրաժեշտություն չկա, քանի որ ուսումնասիրությունն ավարտված չէ եւ խնդրի էությունն էլ լիովին բացահայտված չէ:

– Ձեր առջեւ կա՞ որեւէ խոչընդոտ՝  նշված խնդիրը ուսումնասիրելու աշխատանքներում:

– Ոչ, որեւէ խոչընդոտ չկա, մենք անկաշկանդ ենք մեր աշխատանքում եւ կենտրոնացրել ենք հանձնաժողովի ռեսուրսները՝ ուսումնասիրությունը հնարավորինս կարճ ժամկետում ավարտելու եւ խնդրի վերջնական բացահայտմանն ու լուծմանը հասնելու համար:

– Չկա՞ արդյոք մտավախություն, որ ձվի արտադրության ոլորտում վերջին տարիներին առաջացած իրավիճակը կկրկնվի նաեւ թռչնամսի արտադրության ոլորտում, այսինքն՝ որ թռչնամիս արտադրող ընկերությունները նվազեցնեն իրենց արտադրական ծավալները՝ ինչը եղավ ձվի արտադրության ոլորտում:

– Այս պահին հիմքեր չկան նման մտավախության: Համենայնդեպս, միայն լիարժեք ուսումնասիրությունից հետո հնարավոր կլինի գնահատական տալ շուկայում ստեղծված իրավիճակին: Ինչ վերաբերում է ձվի արտադրության ոլորտին, ապա նշեմ, որ այն հանձնաժողովի մշտական վերահսկողության տակ է եւ այս պահին խնդրահարույց որեւէ բան չկա:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829