Լրահոս
Օրվա լրահոսը

Համագումարս համագումարիդ վնաս չէ

Փետրվար 17,2012 14:05

Իշխող կոալիցիայի անդամ բոլոր երեք քաղաքական ուժերը արդեն իսկ հայտարարեցին, թե երբ եւ որտեղ են անցկացնելու իրենց կուսակցությունների համագումարները: Իսկ սա, թերեւս, նշանակում է, որ Հանրապետականի,  «Բարգավաճի» եւ «Օրինաց երկրի» համար բոլոր մութ կետերը լուսավորված են, եւ բոլոր հարցականները՝ բացահայտված:

Այսպիսով, ՀՀԿ համագումարը տեղի կունենա մարտի 10-ին, ԲՀԿ-ինը՝ մարտի 17-ին, իսկ ՕԵԿ-ինը՝ մարտի 3-ին: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե կուսակցության կարգախոսի, համամասնական ցուցակի եւ այլնի հետ կապված հարցերի պատասխանները կտրվեն կուսակցության համագումարում կամ կհրապարակվեն դրանից անմիջապես հետո: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ կարգախոսներով է ՕԵԿ-ն այս անգամ գնալու խորհրդարանական ընտրությունների, ասաց, թե առայժմ չի հրապարակի դրանք՝ թողնելով համագումարին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ համագումարը տեղի կունենա մարտի 17-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում, ասաց. «Համագումարը, բնականաբար, արտահերթ է, կարծում եմ՝ մինչ այդ կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի եւ կհաստատի համամասնական ցուցակը, որը կներկայացվի համագումարում: Արդեն ստեղծվել է համագումարի աշխատանքային կազմկոմիտե, եւ հիմա կոմիտեն աշխատում է համագումարի օրակարգի եւ մնացած այլ հարցերի վրա»: Պատասխանելով հարցին՝ ունի՞ ԲՀԿ-ն արդեն իր ընտրական կարգախոսը, տիկին Զոհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ՝ մեր կարգախոսները շատ արդիական են՝ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» եւ «Մեր խոսքը գործ է», բայց, բնականաբար, կլինեն նոր կարգախոսներ եւս»:

Հետաքրքիր է, որ չորսուկես տարի շարունակ արտահերթ ընտրությունների մասին խոսող եւ դեպի արտահերթ գնացող ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել, թե երբ եւ որտեղ են պատրաստվում անցկացնել իրենց նախընտրական համագումարները կամ՝ անցկացնելո՞ւ են ընդհանրապես: ՀԱԿ-ում դեռ ոչ մի կոնկրետություն չկա ցուցակների եւ կարգախոսների մասով: ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակը կկազմվի անդամ կուսակցությունների ներկայացրած ցուցակների հիման վրա, եւ, որքան հասկացանք, անդամ կուսակցություններից ոչ բոլորն են պատրաստվում համագումարներ հրավիրել խորհրդարանական ընտրություններից առաջ:

Երեկ մենք հարցրինք «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին, թե ե՞րբ են պատրաստվում հրավիրել իրենց կուսակցության համագումարը: «Առավոտի» հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության համագումարը կհրավիրվի մարտի 2-ին՝ կառավարության նիստերի դահլիճում: Ասվեց նաեւ, որ կքննարկվեն նախընտրական ծրագիրը, համամասնական ցուցակի հետ կապված խնդիրներ, իսկ կուսակցության կարգախոսները եւ այլ կազմակերպչական հարցեր կքննարկվեն աշխատանքային կարգով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը մեր հարցին, թե երբ է տեղի ունենալու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը, ասաց. «Համագումարը տեղի կունենա մարտի 2-ից 10-ը ընկած ժամանակահատվածում»: Մեր հաջորդ հարցին, թե կքննարկվե՞ն արդրոք այդ համագումարում կուսակցության նախընտրական ծրագրի եւ համամասնական ցուցակի հետ կապված հարցեր, պարոն Գեւորգյանն ասաց, որ այդ եւ բոլոր այլ հարցերը իրենց պատասխանները կունենան առաջիկայում: Որոշակի անորոշություն է տիրում նաեւ Դաշնակցության ներսում, դեռ ոչ ցուցակի մասին են խոսում եւ ոչ էլ համագումարի: Դաշնակցականները սպասումների մեջ են:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իր երբեմնի փառքը կորցրած, սակայն դեռ պահպանելով իներցիայի հայտնի ուժով, եւս գնում է դեպի խորհրդարանական ընտրություններ: Կոմկուսի քարտուղար Ռուբեն Թովմասյանը հենց երեկ է լրագրողներին տեղեկացրել. «Մենք աստիճանաբար պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին: Կան որոշ դժվարություններ, որոնք պետք է փորձենք հաղթահարել: Նախ, չեմ հասկանում՝ ինչու բարձրացրին ընտրագրավի չափը՝ այն հասցնելով 8 մլն դրամի: Բայց հանգանակություններ են սկսվել, կան առանձին մարդիկ, ովքեր պատրաստ են գրավի հարցում օգնել մեզ»: Ընկեր Թովմասյանի ներկայացմամբ՝ կումունիստների նախընտրական ցուցակները կկազմվեն կենտրոնական պլենումի ժամանակ, որը կկայանա մարտ ամսին: Կենտկոմի քարտուղարի ասելով՝ իրենք հաճախ են լինում շրջաններում եւ հանդիպում ընտրողների հետ. «Մինչ այդ մենք հաճախ ենք լինում շրջաններում, հանդիպում ընտրողների հետ: Այդ հանդիպումները ցույց են տալիս, որ ժողովուրդը կարոտ է սոցիալիստական գաղափարախոսության: Նրանք ուղղակի խնդրում են վերադարձնել խորհրդային կարգերը, թեկուզ դրանք հաճախ բռնապետական են որակվում»: Երեկ, լսելով ընկեր Թովմասյանի այս խոսքերը, հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ՝ իննսունականների կեսերին, երբ լուսաբանում էի կոմունիստական կուսակցության գործունեությունը, կոմունիստների հետ (այն ժամանակ այս կուսակցությունը դեռ ավելի կենսունակ էր) գնացինք մի գյուղ՝ ընտրողների հետ հանդիպման, եւ հենց այդ գյուղում Կենտկոմի այն ժամանակվա քարտուղար Սերգեյ Բադալյանը ուղղակի պահանջեց, որ հանդիպումը լուսաբանող լրագրողներս խմենք «ընկեր Վլադիմիր Իլյիչի կենդանի կենացը»:

 ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829