Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարին դիմում գրեք, որ ուղտ չեք»

Փետրվար 17,2012 14:00

Հնչակյան եռանկյունը դարձել է քառանկյո՞ւն

Երեկ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը գրություն է ստացել Գեւորգ Պերկուպերկյանի ստորագրությամբ, որ Լյուդմիլա Սարգսյանը երեք օրվա ընթացքում պարտավոր է իրեն վերադարձնել ՍԴՀԿ-ի պետական գրանցման փաստաթղթերը, կնիքը, դրոշը: Գրության մեջ նշված պետռեգիստրի համարով տիկին Սարգսյանը զանգահարում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ հասկանալու համար, թե ինչ հիմքերով է Պերկուպերկյանին տրվել տեղեկանք, որ վերջինս հանդիսանում է ՍԴՀԿ ատենապետ, այն պարագայում, երբ ՍԴՀԿ պետռեգիստրի վկայականը Սարգսյանի մոտ է գտնվում, եւ բոլոր փաստաթղթերում էլ գրված է, որ ատենապետը Լյուդմիլա Սարգսյանն է: Տիկին Սարգսյանին առաջարկվում է սույնի վերաբերյալ դիմում գրել ՀՀ արդարադատության նախարարին, դիմումը մեկ ամսվա ընթացքում կքքնարկվի եւ պատասխան կտրվի: ՍԴՀԿ անդամ, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանն այս ամենն «Առավոտի» հետ զրույցում զավեշտ որակեց՝ ասելով. «Մեզ ասում են՝ նախարարին դիմում գրեք, որ դուք ուղտ չեք, մենք էլ մեկ ամսվա ընթացքում քննենք ու ասենք՝ ո՞ւղտ եք, թե՞ ոչ: Կեղծիքով գրանցել են, մեզ էլ ասում են՝ բողոք գրեք, որպեսզի քրեական հետապնդում սկսենք: Բա էդ մեկ ամսում կարող է՝ իրենք մեր անունից հայտարարություններ անեն, ո՞վ է պատասխան տալու, ինչո՞ւ եք մարդկանց թյուրիմացության մեջ գցում»:

Հիշեցնենք, որ հնչակյանների կռիվը ավելի քան երկու տարվա պատմություն ունի: Այդ շրջանում վահանշիրխանյանական եւ լյուդմիլասարգսյանական հնչակյանները փոխադարձաբար միմյանց վտարեցին կուսակցական շարքերից, իրար անվանեցին իշխանության եւ ՀԱԿ-ի կամակատարներ եւ այլն: Արդյունքում գրանցվեց եւս մեկ կուսակցություն՝ Հնչակյան անվամբ, որի ատենապետ էր ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: Այս ընթացքում Պերկուպերկյան-Սարգսյան վեճը շարունակվում էր դատական հարթությունում՝ կուսակցության ատրիբուտների վերաբերյալ: ՀՀ դատական երեք ատյանների վճռով էլ, ի վերջո, իրավաբանորեն «ճիշտ» որակվեց Լյուդմիլա Սարգսյանը: Այսպիսով, հնչակյանների վեճը, փաստորեն, նոր փուլ է մտնում: «Ոչ մեկը չի իմացել, որ համագումար են արել: Որովհետեւ նման բան չի եղել: Նույնիսկ նրանց կիսաաստվածը՝ Շիրխանյան Վահանը, երկու օր առաջ «Երկիր» թերթին հարցազրույց էր տվել եւ ասել, որ Հնչակյանների ատենապետը Հրանտ Ամիրյանն է, ու ՍԴՀԿ Կեդրոնական վարչությունն իրենց է ճանաչում: Էս կարկառուն գործիչը (Պերկուպերկյանը- Ն. Գ.) գլխի էլ չի, որ ատենապետը Հրանտ Ամիրյանն է: Արդարադատության նախարարությունն էլ առանց փաստաթղթի գրանցել է նրան՝ մեր անվան տակ: Բա սա զավեշտ չէ՞»,- ասում է Եղիազարյանը՝ հավելելով. «Այսինքն՝ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կարելի է գնալ արդարադատության նախարարությունից թուղթ վերցնել ու իր տանը նստած մարդուն գնալ ասել՝ սա իմ բնակարանն ա, դուրս արի: Էսպես ա՝ մենք ընդդիմություն ենք, սրանք մտած են իշխանության թեւի տակ. ուրեմն կարելի է գրանցել իրենց՝ անտեսելով էս անտեր երկրի օրենքները: Անտեր, որովհետեւ այն երկրում, որը տեր ունի՝ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, նման բաներ չեն լինում: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ ինքն իր տանը նստած՝ իր տան տերը չէ, թեպետ բոլոր փաստաթղթերն ունի»: Եղիազարյանը խորհուրդ է տալիս Պերկուպերկյանին զգույշ լինել. «Ինչ թուղթ տալիս են՝ ստորագրում է, վաղը ինքն է նստելու կեղծիքների համար»: Այնուհանդերձ, ՍԴՀԿ-ն կգրի դիմում-բողոքը, թե հետագայում ինչ քայլեր կձեռնարկվեն՝ ժամանակը ցույց կտա:

«Առավոտը» Գեւորգ Պերկուպերկյանին խնդրեց բացատրել՝ որտեղի՞ց ի հայտ եկավ եւս մեկ ՍԴՀԿ, որն ինքն է ղեկավարում, եւ ի՞նչ կապ ունի Հնչակյանն իր ղեկավարած ՍԴՀԿ-ի հետ: Պատասխանեց՝ ոչ մի, դրանք իրավաբանորեն տարբեր կառույցներ են. «Մենք միմյանց հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք»: Հիշեցրինք, որ Պերկուպերկյանը ժամանակին Հնչակյան կուսակցության ատենապետն էր: Պերկուպերկյանը պատասխանեց. «ՍԴՀԿ-ի փաստաթղթերը վերջացնելուց հետո համագումար կանենք, եւ երկու կուսակցությունները կմիավորվեն»: Նա պնդում է, որ միանգամայն օրինական կարգով կայացել է ՍԴՀԿ 8-րդ համագումարը, որի ժամանակ ատենապետ է ընտրվել ինքը, կանոնադրական փոփոխություններ են եղել, ինչի հիման վրա ինքը գրանցվել է ատենապետ. «Ասեցին, որ միջուկը կա, բայց իրենք ինձ վկայական տալու իրավունք չունեն, քանի որ վկայականը Լյուդմիլա Սարգսյանի մոտ է: Ես էլ փաստաբանի հետ խորհրդակցել եմ՝ ժամկետ ես նշում, եթե չի վերադարձնում՝ կան ոստիկանություն, իրավապահ մարմիններ»: Հիշեցրինք, որ դատական մի փուլ եղել է, եւ վճիռները հօգուտ Սարգսյանի էին, Պերկուպերկյանը հակադարձեց. «Մենք այն ժամանակ հին՝ 7-րդ համագումարն էինք վիճարկում: Քաղաքացիական հայց էր, ասում էին՝ ժամկետների խնդիր կա, անցել են վիճարկելու բոլոր ժամկետները: Մենք էլ գտանք օրենքի սահմաններում այլ տարբերակ՝ հերթական համագումարը, որը կլուծի բոլոր խնդիրները»:

Ստացվում է՝ իսկական հնչակյան շիլաշփոթ: Եթե հանկարծ ԲՀԿ-ի հետ դաշինք կազմած Էռնեստ Սողոմոնյանն էլ իր հավակնությունները հրապարակայնացնի, բավականին զվարճալի կստացվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829