Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Վարչախումբը երկիրը գաղութի է վերածել»

Փետրվար 17,2012 13:55

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները «Ուրբաթ» ակումբում կոչ արեցին բանակի սպայակազմին՝ այնպիսի կեցվածք դրսևորել, որ գերադասը հասկանա, թե անիմաստ է  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրինագծի քննարկումը: Aravot.am-ն այս կապակցությամբ հետաքրքրվեց՝ արդյոք սպայակազմն ունի՞ գերադասին դեմ գնալու ինքնուրույնությունը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Սպաներն ունեն իրենց երդմանը հավատարիմ մնալու պատասխանատվությունը, իրենց արյան պարտականությունը և կարող են շատ լավ հասկացնել, որ իրենք չեն խախտելու իրենց ազգային արժանապատվությունը, սահմանադրությունը, հավատարիմ են մնալու իրենց տված երդմանը»:

Մեր մյուս հարցին՝ կարելի՞ է մեկնաբանել, որ այս օրենքով իշխանությունները փորձում են իրենց պաշտպանել, ապահովագրել ժողովրդական որևէ ըմբոստությունից «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Ցանկացած երկիր կարելի է նմանեցնել բերդաքաղաքի, որտեղ բերդը ժողովրդին պաշտպանելու համար է: Սակայն կան պետություններ, որտեղ քաղաքը ծառայում է բերդին, և դրանք կոչվում են բռնակալություններ: Այսպիսով հայաստանյան իշխանությունները ոչ միայն այս օրենքով փորձում են պաշտպանվել ժողովրդից, այլև ավելին՝ մտադրված են ժողովրդին ծառայեցնել իրենց: Փորձ են անում ամբողջ քաղաքը հպատակեցնելու, քանի որ այն արդեն ապստամբված վիճակում է, ամբողջ երկիրն ուզում են գաղութի վերածել»:

Նույն հարցի կապակցությամբ Ժ. Սեֆիլյանը նկատեց. «Այս վարչախմբում տեղի է ունենում սերնդափոխություն, ինչի արդյունքում ավելի խելոք երիտասարդներ են երևան գալիս, բռնատիրոջ ավելի խելոք խորհուրդներ են տալիս: Եվ այս մրցակցության արդյունքում ծնվում են այսպիսի օրենքներ, որոնք պարզապես անհեթեթություն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829