Հաճախ ծիծաղեք: Ուրախության ու երջանկության զգացումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը: Այս մասին փաստում են սրտաբանները: Հայաստանում այս մեթոդը թերևս լավ չի կիրառվում: Վերջին հինգ տարիներին հիվանդությունը երեսուն տոկոսով աճել է:
Այս վիճակագրությունը բացատրվում է նաև բժշկին դիմելու և հիվանդությունը հայտնաբերելու միտումների ավելացմամբ. «Առողջ ապրելակերպի բացակայությունը, ռիսկի գործոնների բարձր տարածվածությունը, վաղ հայտնաբերման և կանխարգելման մոտեցումների բացակայությունը այսօր սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներ են»- ասում է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:
Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի կատարած հետազոտություններից պարզվել է, որ հասարակության մոտ 40 տոկոսն ունի ավելորդ քաշ, որն էլ սիրտ-անոթային հիվանդությունները խթանող գլխավոր գործոններից է: Ռիսկի գործոնների շարքում են թերշարժունակությունը, ծխախոտի չարաշահումը, նաև` ցուրտ եղանակը:
«Առողջ սնունդը և առողջ ապրելակերպը ամենակարևոր նախապայմանն են առողջ սիրտ ունենալու համար: Պետք է նվազեցնել կենդանական ճարպերի քանակը սննդի մեջ՝ փոխարեն օգտագործելով բուսական ձեթեր: Պետք է ավելի ակտիվ լինել, դուրս գալ նստակյաց կյանքից, քանի որ չծախսված էներգիան նույնպես կուտակվում է ճարպի տեսքով և դառնում ռիսկի գործոն»,- նշում է սրտաբանը:
Սիրտ-անոթային հիվանդությունների աճի հետ մեկտեղ նկատվում է նաև երիտասարդացում: Հետազոտությունները պարզել են, որ Երևանում ամեն երրորդ չափահաս բնակիչ ունի զարկերակային բարձր ճնշում: Հիվանդությունների պատճառ կարող են լինել նաև սթրեսները: Քննաշրջանը սրտին վնաս չէ, բայց անպատասխան սերն արդեն խնդիր է. «Քսանմեկ տարեկան երիտասարդի մոտ ինֆարկտ էր առաջացել: Պատճառը անպատասխան սերն էր: Աղջիկը մերժել էր տղային և հենց նույն օրը վերջինիս սրտամկանի ինֆարկտով տեղափոխել էին հիվանդանոց: Բարեբախտաբար տղան ապաքինվեց»,- պատմում է Պարունակ Զելվեյանը:
Առայժմ սրտանոթային հիվանդությունների համար պետական կանխարգելիչ ծրագիր չկա: Որպես ուղեցույց կարող է հանդես գալ “առողջ սիրտ” պիտակը: Պարբերաբար անցկացվող հետազոտություններից հետո դրանով մակնշվում է սրտի համար օգտակար սնունդը:
Աննա Փորսուղյան