Լրահոս
Օրվա լրահոսը

$11 միլիոն՝ 50 կարիքավոր համայնքի

Փետրվար 17,2012 13:24

Համաշխարհային բանկի (ՀԲ)գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին» $11 միլիոն վարկ տրամադրելու իր որոշումը: ՀԲ գրասենյակում քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսում ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին ասաց, որ իրենց նպատակն է օժանդակել անապահովներին ուղղված համայնքային ներդրումներին: ՀՀ 50 կարիքավոր համայնք կօգտվի այս ծրագրից: Ներդրումները կուղղվեն ենթակառուցվածքների «բացերը» շտկելուն:

Նրա խոսքերով՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսության վիճակը, Հայաստանը դեռեւս մնում է խոցելի արտաքին ճնշումների հանդեպ, ինչը, պարոն Ժան Միշել Հապիի կարծիքով, կարող է ազդել կանխատեսված ցուցանիշների վրա: ՀԲ մասնագետների կանխատեսումներով, 2012-13թթ. տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս:

Այս տարվա համար ՀԲ-ն, ընդհանուր առմամբ, հաստատել է $ 80 միլիոն վարկ, որից 12 միլիոնը կուղղվի հարկային վարչարարության բարեփոխումների համար, $15 միլիոնը ջրամատակարարման ապահովմանը քաղաքային համայնքներում, վարկերից բաժին կհանվի նաեւ առողջապահության եւ բուհական կրթության ոլորտների համար. «Աղքատների փոքր տոկոսն է ի վիճակի իրենց երեխաներին բուհական կրթություն ապահովելու»,-ասաց գրասենյակի տնօրենը:

Գրասենյակի հետազոտությունները ցույց են տվել, որ իրենց հատկացված գումարներով, պետբյուջեում սոցիալապես անապահովներին ու կենսաթոշակառուներին ուղղվող  ծախսերն աճել են՝ 24 տոկոսից

հասնելով 31-ի, կրթություն ստանալն էլ խոցելի խմբերի համար դարձել է ավելի մատչելի: Ըստ հայաստանյան գրասենյակի ղեկավարի, առաջընթաց կա նաեւ հարկային ու մաքսային էլեկտրոնային հայտագրերը կազմակերպելու  առումով: Ներկայումս հարկային հայտագրերի մոտ 20 %-ն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, մրցակցային դաշտը նույնպես ուժեղացվել է. «Հանքային օրենսգիրքը համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին, որն անկասկած ավելի լավ միջավայր կստեղծի ներդրողների համար: Օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել հանքարդյունաբերության ոլորտում, լիցենզավորման ու սոցիալական եւ շրջակա միջավայրի գնահատման, հանքերի փակման»:

Պարոն Ժան Միշել Հապիի կարծիքով, պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը ստեղծելու որոշումը նույնպես առաջընթաց է . «3 տարի առաջ, երբ խոսվեց Պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը ստեղծելու մասին, հավակնոտ բարեփոխումներ թվացին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829