Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է դիմել գուշակի, որ քո սիրած տղան քոնը լինի». Գուշակությունների մասին

Փետրվար 17,2012 13:18

 Երկար տարիներ է, ինչ տիկին Շողիկի համար սովորական բան է սուրճի գավաթով գուշակություն անելը, խաղաթղթերով ճակատագրի մութ կողմեր լուսաբանելը: «Ես խաբեությամբ չեմ զբաղվում և դրա դիմաց մեծ գումարներ վաստակում, հաճախորդի ցանկությունն է` վճարե՞լ գուշակության դիմաց, թե՞՝ ոչ», – ասում է տիկին Շողիկն ու ավելացնում, որ հավատում է աստծուն, պարբերաբար հաճախում է եկեղեցի և ամեն օր աղոթում փրկչին` իրեն տրված շնորհի համար: Նրա այցելուների գերակշռող մասը երիտասարդներ են, ովքեր տիկին Շողիկի մայրիկի պատրաստած մեկ գավաթ սուրճն ըմպելուց հետո, սպասում են իրենց հերթին: «Ես հավատում եմ գուշակությունների: Ինչպես չհավատալ, երբ դրանք համապատասխանում են իրականությանը»,-ասում է հաճախորդներից Արմենը: 20-ամյա Արփինեն աստվածավախ է, ասում է. «Գուշակությունների փորձում եմ չհավատալ, վախենում եմ, որ դրանք իրականություն կարող են դառնալ»: Իսկ տիկին Անահիտը պարզապես չի հավատում ոչ մի տեսակ գուշակության, չնայած երիտասարդ տարիներին ընկերակցել է սուրճի բաժակ նայող ընկերներին. «Երբեք լուրջ չեմ վերաբերել նման երևույթներին: Ճիշտ է, քրիստոնյա ազգ ենք, ունենք վառ երևակայություն, բայց հաճախ էլ դա օգտագործելով` գուշակությունների սեփական բիզնեսն ենք հիմնում¦:

Գուշակությունը նշանների, երազի կամ ծեսի միջոցով որևէ անհայտ իրողության բացահայտումն ու ապագայի կանխատեսումն է: Գուշակությունը երկու հիմնական տեսակ ունի` մասնագիտացված (օրինակ` հատիկ դնել, մաղ պտտեցնել, մոմ թափել, եղունգ նայել և այլն) և կենցաղային (սուրճի բաժակ նայել, տոնական գուշակություներ անել, ծեսով նախագուշակ երազ առաջացնել և այլն) գուշակություններ (ըստ բառարանային բացատրության):

Գուշակությունների դրական կամ բացասական ազդեցությունների մասին հոգեբան Ալինա Հակոբյանն ասում է. «Չպետք է դիմել գուշակի, ով ծխախոտը բերանին, անպայման վառ ներկված աչքերով, քո փոխարեն որոշելու է, թուղթ ու գիր, կալ ու կապ է անելու, որ իբր թե քո սիրած տղան քոնը լինի»: Հոգեբանը, իր աշխատանքային փորձից ելնելով, նշում է, որ գուշակություններին հավատում և գուշակների մոտ գնում են միայն ինքնուրույնություն չունեցող անձինք. «Այն անձը, ով ինքնավստահ է ու գիտի, որ կյանքում ամեն ինչ կախված է իրենից, իր վարքագծից, գործողություններից, հազիվ թե «փորձի» գուշակությունների միջոցով հասնել այս կամ այն նպատակի», – ասում է հոգեբանն ու հավելում, որ գուշակների մոտ գնացողն այն մարդն է, ով իր կյանքում միշտ կարիք է ունեցել որևէ մեկի օգնության ու միջնորդության:

Ըստ Գևորգ սարկավագ Առաքելյանի` մոգությամբ, աստղագուշակությամբ, ձեռնագուշակությամբ կամ որևէ այլ գուշակությամբ զբաղվելը մարդուն ներքաշում է սատանայական էներգիաների ոլորտը, որը դուրս է աստվածային լույսի սահմաններից, և այդտեղից միայն հրաշքը կարող է փրկել մարդուն. «Այդպիսին է նաև, այսպես կոչված, ժողովրդական որոշ բժիշների գործելակերպը, որոնք տարբեր միջոցներով, ինչ-որ աղոթքներով բուժում են մարդկանց և բժշկության վերջին փուլի համար մարդուն ուղարկում եկեղեցի` մկրտվելու, որովհետև նրանց պնդումով` առանց դրա չի կարելի շարունակել բժշկությունը», – ասում է ու ցավով նշում, որ այդպիսի դեպքեր նաև մեզանում են լինում: Եվ եկեղեցականը բերում է մի օրինակ. վերջերս մկրտության եկած մի ընտանիքի անդամներ անկեղծորեն խոստովանել են, որ իրենց մկրտության է ուղարկել, այսպես կոչված, բժիշկը` բուժման հաջորդ փուլին անցնելու համար: «Սա հասկանալի է, որովհետև սատանային շատ ավելի ցանկալի ու հեշտ  է գայթակղել չմկրտված մարդուն, քան թե` մկրտվածին», – ավելացնում է սարկավագն ու խորհուրդ տալիս հեռու մնալ նման մարդկանցից:

 

                                                                                                                  Ալվարդ Սիմոնյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829