Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսելը հեշտ է

Փետրվար 17,2012 13:12

Երեկ Ռուսաստանի կոմունիստները համաձայնագիր են ստորագրել «Ընտրողների լիգա» հասարակական միավորման հետ, ըստ որի՝ ստեղծվելու է ընտրությունների արժանահավատ արձանագրությունների միասնական բազա: Նույնատիպ համաձայնագիր են ստորագրել մեկ այլ ընդդիմադիր թեկնածու Միխայիլ Պրոխորովի ներկայացուցիչները: Քանի որ ընդդիմությունը, ոչ առանց հիմքերի, ենթադրում է, որ ընտրությունները մեծ մասամբ կեղծվելու են արձանագրությունների, այսինքն՝ քվեատուփի եւ թղթի վրա, ինչպես նաեւ տարբեր թղթերի վրա կլինեն տարբեր արդյունքներ, նրանք որոշել են կենտրոնանալ հենց այդ ոլորտի վրա: Հասարակական կազմակերպությունը, փաստորեն, միջնորդ է հանդիսացել միլիարդատիրոջ եւ կոմունիստների միջեւ, որոնք, համենայնդեպս, հայտարարում են, որ պայքարելու են հանուն արդար ընտրությունների:

Եթե դա հնարավոր է անել անծայրածիր Ռուսաստանում, ապա տեխնիկապես շատ ավելի հեշտ է իրագործել փոքր Հայաստանում: Խոսակցություն է գնում, թե իշխանությունն ունի կես միլիոն «ռեզերվային» ձայներ, այսինքն՝ այն քաղաքացիների ձայները, որոնք հանրապետությունից բացակայում են, ինչպես նաեւ ընտրություններին չմասնակցածների ձայները իշխանությունը վերագրելու է իրեն: Չեմ կարծում, որ կարող է խոսք լինել կես միլիոնի մասին, բայց, ենթադրենք, որ դա ճիշտ է: ՀԱԿ-ի 17 կուսակցությունները, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատները» հայտարարում են, որ նրանք ունեն հազարավոր անդամներ: Եթե այդպես է, ապա թող այդ հազարավոր մարդիկ այսօրվանից լծվեն մի պարզ աշխատանքի՝ ճշտեն, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում: (Քանի որ խոպանչիները արդեն վերադարձել են իրենց խոպանի տեղը եւ մոտակա երեք ամիսների ընթացքում Հայաստան չեն վերադառնա, այդ թիվն էլ մինչեւ ընտրությունները էապես չի փոխվի): Թող վերոհիշյալ կուսակցությունները, ռուսաստանյան ընդդիմության օրինակով, համադրեն իրենց ջանքերը եւ հրապարակեն իրենց թիվը: Եվ երբ հրապարակվի պաշտոնական թիվը, թող «բռնացնեն» իշխանությունների սուտը, եթե այդ թվերը տարբերվեն: Ընտրողների ցուցակները «մաքրելուց» հետո նույն կուսակցությունները կարող են ընտրությունների օրը դարձյալ համատեղ ջանքերով հաշվել, թե քանի հոգի է իրականում եկել ընտրությունների: Այդ երկու պարզագույն օպերացիաների միջոցով 500 000 «ռեզերվային» ձայների խնդիրը դուրս կգա օրակարգից: Ճիշտ է, կմնան ընտրակաշառքը եւ պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ ճնշումները: Բայց այստեղ ինձ մոտ որոշակի հարցեր են առաջանում: Ենթադրենք, գլխավոր բժիշկը կամ դպրոցի տնօրենը կանչում է իր բժիշկներին կամ ուսուցիչներին եւ ասում՝ եթե իշխանությանը ձայն չտաք, գործից կհանեմ: Այդ բժիշկների կամ ուսուցիչների մեջ չկա՞ որեւէ ընդդիմադիր կուսակցության համակիր, որը այդ փաստը հանրության սեփականություն կդարձնի: Կամ երբ «ժեկի պետը» կոչ է անում՝ «եկեք, ժողովուրդ, ես ձեզ ընտրակաշառք եմ բաժանելու», չկա՞ որեւէ բնակիչ, որին այդ 5-10 հազարը պետք չի, եւ որն այդ մասին կհայտնի ընդդիմադիրներին կամ լրատվամիջոցներին: Այնուամենայնիվ, այստեղ էլ ընդդիմադիր կամ ազատ ընտրությունների ջատագով կուսակցությունները պետք է աշխատեն:

Առայժմ նրանք ավելի շատ խոսում են: Օրինակ՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները, ինչ թեմա էլ լինի, նույն բանաձեւերն են արտաբերում՝ «ավազակապետություն», «քրեաօլիգարխիկ», «հանցավոր ռեժիմ»: Այդքանը հասկացանք, անցեք առաջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829