Լրահոս
Օրվա լրահոսը

<Դու ունես խոզի պոչ, քո ականջներն էլ խոզի ականջների նման են>

Փետրվար 17,2012 13:13

Երբ  Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էի, մեզ տանում  էին բանահյուսական  պրակտիայի եւ մենք, գյուղեգյուղ եւ տնետուն ընկած  ծերունիներից բանահյուսական նմուշներ էինք  հավաքում, ձայնագրում եւ ներկայացնում: Ես խնդրել էի, որ ինձ թույլ տան հավաքել հայհոյանքները, որոնք եւս բանահյուսական  նմուշ են  եւ  շատ դիպուկ  ու պատկերավոր նմուշ: Ամեն  անգամ երբ այս կամ այն պապիկին  խնդրում էի հայհոյանքներ ասել, որ ձայնագրեմ, պապիկները  խնդրում  էին կոնկրետացնել՝ <ո՞ւմ հայհոյեմ>: Առանց հասցեատիրոջ, հայհոյանքը անիմաստ է եւ անուժ: Ու հենց  պարզում էի տվյալ պապիկի   թշնամու  կամ այն մարդու անունը, որին  պապիկը չէր սիրում եւ տալիս էի այդ անունը, այլեւս  պապիկի հայհոյանքերի շարանի ետեւից դժվար էր լինում հասնել:  Չգիտեմ, իմ այս նախաբանը որքանով կապ ունի Վենեսուելայի նախագահի հետ, բայց՝ զուգահեռը  դուք անցկացրեք: Ձմռան էս ցրտին, երբ մարդ վախենում է  ոտքը գետին դնել, քանի որ ընկնելու եւ վնասվելու վտանգը մեծ է, պարզապես շատ զվարճալի թվացին    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի  մտքերը, որոնք նա  հնչեցրել է  նախագահական գալիք ընտրություններում իր մրցակից Էնրիկե Կապրիլես Ռադոնսկու հասցեին՝  ուղիղ եթերում: Լրագրողական երկարատեւ  աշխատանքի ընթացքում ինչ ասես լսել էի, բայց, նման   բանահյուսական գոհարներ, անկեղծ ասեմ՝  չէի լսել: Ըստ էլ. որոշ կայքերի,  vz.ru գործակալությունը` վկայակոչելով լատինամերիկյան լրատվամիջոցները, հայտնել է, որ Չավեսն  ասել է, թե իր  այս մրցակիցը  ներկայացնում է «թթված վենեսուելական օլիգարխիան»  եւ հաղթանակի նույնիսկ նվազագույն շանսեր չունի: Ի դեպ, Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 7-ին:Մինչ այդ Վենեսուելայի գործող նախագահն  արդեն ակտիվացել է եւ այսպիսի գոհարներ հնչեցրել.  «Դու ունես խոզի պոչ, քո ականջներն էլ խոզի ականջների նման են, դու խռխռում ես, դու հենց խոզ ես, չես կարող դիմակավորվել: Դու կկառավարես Տարզանի ու Չիտա կապիկի տարածքում, սակայն ոչ այստեղ: Հոկտեմբերի 7-ին մենք նոկաուտի կենթարկենք յանկիների կայսրությանը»:  Իրոք, շատ  պատկերավոր քարոզարշավ է  սպասվում Վենեսուելայում եւ, երեւի  արժե  մեկնել  այնտեղ եւ սեփական աչքով տեսնել իրավիճակը, համոզված եմ, կլինեն ավելի արտահայտիչ  ելույթներ: Մեզանում նման բաներ կարծես թե չեն եղել, համենայնդեպս, կենդանիների եւ նրանց մարմնի մասերի վերաբերյալ փոխադարձ նախընտրական նմանություններ  ինչ-որ  չեմ հիշում: Սակայն, ամեն ինչ դեռ առջեւում է: Պատկերացո՞ւմ եք, եթե   մեր քաղաքական ուժերը   փորձեն  կրկնօրինակել վենեսուելական առաջավոր  փորձը, մանավանդ,վատ օրինակը միշտ է վարակիչ:Մյուս կողմից էլ՝ մերոնք,  օրինակ, ո՞ւր են ուղարկելու  իրենց մրցակիցներին, մենք  չունենք  Տարզանի  կամ   Չիտա կապիկի տարածք, գուցե մերոնք էլ  իրար կուղարկեն ասենք՝ Ապարանի հայտնի կենդանիների  սարերի, Գեղարքունիքի չեղած սիգի կամ՝  Խոսրովի անտառների արդեն վերացող եղնիկների կայսրություննե՞ր: Ինչ իմանաս, անքննելի են նախընտրական ելույթների եւ  միմյանց  հայհոյելու  ճանապարհները: Եվ  թեպետ մեր ընտրությունները սարերի ետեւում չեն, դեռ  դժվար է ասել, թե մերոնց  վառ երեւակայությունը  մինչեւ ուր կհասցնի քարոզչական  ենթադրյալ հայհոյանքների երթուղին: Բայց որ մինչեւ Վենեսուելա չի հասցնի, դա ՝ հաստատ: Թեպետ՝ ի՞նչ իմանաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել